Անդրանիկն ո՞վ է, որ ես գնամ իր հետ հարցեր քննարկեմ․ Սեյրան Օհանյան
Անդրանիկն ո՞վ է, որ ես գնամ իր հետ հարցեր քննարկեմ․ Սեյրան Օհանյան
NEWS.am-ը գրումէ ․ Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում մոբիլիզացիայի հարցի հետ կապված Նիկոլ Փաշինյանին ասել եմ․ «Սա ձեր հարցն է, գնացեք, կատարեք, հաղթեք, ուզում եք դրանից հետո ինձ տարեք 20 տարի նստեցրեք»։
Ոչ մի բան էլ չարեց։ Նա երկիրը պատերազմից առաջ էլ, պատերազմի ժամանակ ու դրանից հետո էլ ղեկավարում է փողոցային ձևով ու ոտքի վրա։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ում հետ զրուցել ենք Փաշինյանի նախօրեի և իրեն առնչվող այլ հայտարարությունների մասին։
Նախօրեին Փաշինյանը հիշեցրեց մի օպերացիայի մասին և խոսեց գեներալներից մեկի որդու մասին։ Սլաքներ ուղղվեցին դեպի Ձեզ։ Շուշիի առնչությամբ էլ Փաշինյանն ասաց, որ շատ հարցեր ունի։ Ձեզ կամ Ձեր որդուն այս ընթացքում երբևէ կանչե՞լ են հարցաքննելու, որպեսզի ձեզանից իրականությունն իմանան։
Իշխանությունից ոչ մեկն ինձնից չեն փորձել բան պարզել։ Կարծում եմ, պարզելու բան էլ չունեն, որովհետև մարտական գործողություններն իրենք են ամբողջությամբ ղեկավարել, վերահսկել են իրենք։ Ես պարզապես իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, ես պատրաստ եմ տեղեկություններ տալ, որովհետև 44 օրից 40-ն այնտեղ եմ եղել։ Կարող եմ վերլուծություններ անել և տեղեկություններ տրամադրել։
Ինչու՞ են սլաքները հենց Ձեր և Ձեր որդու դեմ ուղղում։
Նրանք 2 նպատակ ունեն․ իրենց ձախողումներ ի համար փորձելու են մեղավորներ գտնել, այն մարդկանց են սլաքներն ուղղում, ովքեր այս պատերազմում պատասխանատու չեն եղել։ Քանի որ ես ամեն անգամ ստիպված եմ լինում նրանց հայտարարություններին պատասխանել և հրաժարական պահանջողների մեջ եմ, սլաքններն ինձ վրա են ուղղում։ Բայց շատ վատ է, որ իմ պատճառով փորձում են նաև մերթընդմերթ իմ ընտանիքի, տղաների վրա սլաքներ ուղղել։ Ես երբևէ որևէ քննադատության ժամանակ որևէ մեկի ընտանիքին չեմ անդրադառնում, դա սխալ է, տղամարդուն վայել չէ։
Երեկ ԱԽ-ը հրապարակեց պատերազմի օրերին նիստերից մեկի ձայնագրության որոշ հատվածներ, որոնք առնչվում էին Օնիկ Գասպարյանի հայտարարություններին։ Մտահոգիչ չէ՞, որ ներքին առճակատման համար գաղտնի տեղեկություններն է իշխանությունը հրապարակում։
Անշուշտ, մտահոգիչ է, բայց այլ բան ևս անհանգստացնող է։ Ասում են, որ ԱԽ նիստում նախատեսված չի եղել, որ ԳՇ պետը պիտի խոսի։ Պատերազմի ժամանակ, երբ չափազանց լարված իրավիճակ է ԱԽ-ում, ի՞նչ են քննարկում, եթե չպետք է խոսի, և չպետք է ներկայացնի իրադրությունը ԳՇ պետը, որը ռազմական ողջ համակարգի համար է պատասխանատու։ Երկրորդը՝ երկրի ղեկավարը, որ դառնում է գերագույն հրամանատար, պիտի ստեղծի իր ռազմակայանը և 24 ժամյա ռեժիմով 44 օրը ղեկավարի այն, ոչ թե ԱԽ-ը, կառավարությունը, ԱԺ-ը։ Օրուգիշեր պետք է աշխատեին, որպեսզի ճիշտ որոշումներ ընդունեին։
Փաշինյանը, իր թիմակիցները վերջին շրջանում անընդհատ առաջ են տանում թեզը, թե 7 շրջանները վաղուց էին հանձնված։ Դուք պաշտպանության նախարար եք եղել, Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում եղե՞լ է որևէ հրահանգ, քննարկում, խոսկացություն, որ պետք է 7 շրջանները հանձնելուն նախապատրաստվել։
30 տարիների ընթացքում բանակցային բավականին լուրջ ներուժ է կուտակվել, փորձառու անձնավորություններ կան, որոնք բանակցել են փաստաթղթերի շուրջ(կապ չունի տվյալ դեպքում ինչ փաստաթղթի)։ Յուրաքանչյուր կողմ բանակցել է՝ առաջ տանելով իր երկրի շահը։ Իսկ մեր երկրի շահերը մշտապես առաջնահերթ են եղել՝ հիմնվելով Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի վրա։ Մնացած խնդիրները բանակցություններով պետք է լուծվեին։
Նախարարի պաշտոնը զբաղեցնելու ողջ ընթացքում երբևէ իմ ղեկավարությունից անմիջական հրաման, թե գնացեք, պատրաստվեք, շրջանները հանձնելու ենք, չի եղել։ Նման որևիցե մի ցուցում երբևէ չի եղել։
Դեռ ավելին, ես միշտ առաջ եմ տարել այն թեզը, որ պաշտպանական կառույցները, անվտանգությունը պիտի ամրապնդել։ Պետք է արագ տեմպերով Արցախն ինտեգրել Հայաստանի հետ՝ առաջնային համարելով պատմամշակութային, պատմաիրավական ենթակառույցների զարգացումը, տնտեսության ինտեգրումը և անշուշտ, պաշտպանական և անվտանգային համակարգը։ Եվ այս ամենը կատարվել է։ Որպես նախարար, իմ խնդիրը եղել է Հայաստանի և Արցախի պաշտպանության, անվտանգության ապահովումը, ինչը իրականացվել է։ 20 տարի ծառայել եմ Արցախում, որից 7,5 որպես Արցախի պաշտպանության նախարար։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում