«Մարդիկ, որոնք պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»․ Վերաքննիչ դատարանի դատավոր. «Իրավունք»
«Մարդիկ, որոնք պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»․ Վերաքննիչ դատարանի դատավոր
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպե՞ս է գնահատում օրերս ԱԺ-ի կողմից ընդունված ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրենքի նախագիծը ՀՀ-ում ամենահեղինակավոր դատավորներից մեկը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: «Իրավունքի» հետ զրույցում պարոն Ազարյանը մեկնաբանեց.
«Ամբողջովին կիսում եմ ԲԴԽ նախագահի տեսակետը: Անկեղծ ավելացնելու ոչինչ չունեմ, անհեթեթություն է: Այս տեսակետը կիսում են նաեւ հանրապետության դատավորների զգալի մասը: Մասնավոր զրույցների ժամանակ բոլորը միանշանակ պնդում են, որ կա խնդիր:
Թե ինչպես դատավորները դրան կարձագանքեն, ես չեմ կարող ասել, բայց այնպես չէ, որ ԲԴԽ նախագահն իր հարցազրույցում միայն անձնական սուբյեկտիվ կարծիքը հայտնեց: Նրա մտահոգությունը բոլոր այն դատավորների մտահոգությունն է, ովքեր քիչ թե շատ մտահոգված են դատական իշխանության ապագայով ու անկախությամբ:
Պարոն Ազարյան, բայց չէ՞ որ նախագծի հեղինակները իրավաբաններ էին, ու ենթադրվում է, որ հասկացել են, թե ինչ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում իրենց ներկայացրած նախագիծը: Ինչո՞ւ գնացին դրան:
Գիտեք, անհիմն մեղադրանք դարձյալ իրավաբաններն են, չէ՞, առաջադրում, մեղադրական եզրակացություններ այն գործերով, որոնցով ամբաստանյալները հետագայում արդարացվում են, դարձյալ իրավաբաններն են հաստատում:
Այնպես որ, իրավաբան էլ կա, իրավաբան էլ: Իրավաբաններ կան, ովքեր պատվերներ են կատարում՝ կլինի քաղաքական, ընկերական, թե այլ: Բայց կան իրավաբաններ, որոնք միայն օրենքի շրջանակում են գործում:
Պարո՛ն Ազարյան, այս նախագծով, ըստ էության, ստացվում է, որ դատավորը արդարադատություն իրականացնելիս նաեւ պետք է մտածի կողմերին «չնեղացնելու» մասին:
Տեսեք, դատարան մուտք են արվում գործեր, որոնց հիմքում կա վեճ: Վեճը կամ այս կողմի օգտին պետք է լուծվի, կա՛մ մյուս: Համաձայն եք, չէ՞ նաեւ, որ գրեթե իննսուն եւ ավել տոկոս վեճերի դեպքում կողմերից մեկը դժգոհ է մնում:
Նույնը քրեական գործերով, գործը մուտք է լինում դատարան, որի արդյունքում կա՛մ մեղադրանքի կողմն է հաղթում, կա՛մ պաշտպանության:
Կողմերից մեկը, ըստ-էության, հիմնականում դժգոհ է մնում: Պատկերացրեք, որ նման ցանկացած դժգոհության դեպքում միանգամից բողոք է ներկայացվում ԲԴԽ այդ դատավորի վրա: Ու ես Ձեզ ասեմ, որ իմ ընկեր պաշտպաններն արդեն իսկ կարծիք են հայտնում, որ այդ օրենքի միջոցով ձեռք են առնելու այդ օրենքը ընդունողներին:
Պատկերացրեք՝ օրական մի դատավորի վրա հինգ-վեց բողոք գնա: Ես կրկնում եմ՝ իմ ընկեր, ծանոթ շատ պաշտպաններ արդեն իսկ ասել են, որ միտումնավոր բողոքներ են ներկայացնելու՝ ցույց տալու, թե ինչ հիմար օրենքներ են ընդունել:
Ստացվում է, որ ԲԴԽ-ն էլ անելիք չունի, պետք է նստի ու անհեթեթ բողոքներով զբաղվի: Այստեղ տեղին է մեջբերել Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»:
Այս մարդիկ չեն հասկանում, որ մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայմաններ եւ հիմքեր: Դա օրենքով է նախատեսված: Պայմանը հիմնավոր կասկածն է, ապացույց կամ ապացույցներ առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող արարքը:
Անհրաժեշտ են նաեւ հիմքեր, որ անձը կխուսափի, կթաքնվի քննությունից, դատավարության մասնակիցների՝ տուժողների, վկաների վրա անօրինական ազդեցություն կգործադրի ու կկատարի օրենքով չնախատեսված այլ արարքներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում