«Մաման ասաց՝ թիկունքիցդ զգույշ կլինես». Գրիգոր Պողոսյանի վերջին մարտը Շուշիի համար էր
«Մաման ասաց՝ թիկունքիցդ զգույշ կլինես». Գրիգոր Պողոսյանի վերջին մարտը Շուշիի համար էր
Hraparak.am-ը գրում է․ Փշատավանցի 28-ամյա Գրիգոր Փայլակի Պողոսյանը վարկ էր վերցրել, սեփական ձեռքերով խաղողի այգի հիմնել, սառնարանային տնտեսություն ձևավորել, և զբաղված էր խաղողը սառնարանում մթերելով, երբ պատահաբար իմացավ, որ Արցախում պատերազմ է սկսվել:
Ութ տարի է՝ մարտական զենք չէր վերցրել ձեռքը, պատերազմի բոթը լսելուն պես՝ մոբով զինվորագրվում է հայրենիքի պաշտպանությանն ու մեկնում նախ՝ Հադրութ, ապա այնտեղից տեղափոխվում Շուշի:
Գրիգորի մասին մարտական ընկերները միայն դրական պատմություններ են փոխանցել հարազատներին, քրոջը՝ Լիլիթին, որը մեզ հետ զրույցում հուզմունքն աչքերում, հպարտությամբ պատում էր Գրիգի ընկերների փոխանցածը, թե ինչպես է եղբայրը ճիշտ կողմնորոշվել բարդ իրավիճակներում, ինչպես է իր զինակից ընկերներին դուրս բերել շրջափակումից, բարդ դրությունից, ինչպես է կարողացել կանգնեցնել լուսարձակներն անջատած դեպի Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսը, որը քիչ էր մնում ձորը գլորվեր և ինչպես է իր այդ հմտությունների շնորհիվ դարձել իրենց ջոկատի հրամանատարը:
«Նա պատերազմ մեկնեց սեպտեմբերի 29-ին, հետո հետ եկավ հոկտեմբերի 26-ին, 31-ին նորից գնաց: Մենք չենք իմացել՝ ինքը որտեղ է եղել, մինչև իր՝ անհետ կորելը: Դրանից հետո, երբ որ իր հետ կռված տղերքը եկել էին մեր տուն, ասացին, որ Հադրութում են եղել: Իմացել էի, որ հարթավայրային տարածքում էին գտնվում, բայց մեզ ասում էր՝ անընդհատ շարժվում են:
Գրիգը բոլոր նրանց, ովքեր ֆինանսական միջոցներ ունեին, համոզում էր, որ պետք է բանակի համար ամեն ինչ ուղարկվի՝ ռացիա, հեռադիտակ, ավտոմեքենա: Դրանցի առաջ ես հիմնադրամին իմ աշխատավարձի 70 տոկոսը փոխանցել էի, որ իմացավ, ջղայնացավ, ասաց՝ էդ փողով գոնե մի հատ ռացիա կարելի էր առնել: Ասացի՝ դուք էդտեղ դիրք եք պահում ու ռացիա չունե՞ք, ասաց՝ չէ:
Ու ահագին ուրախացել էր, որ ռացիաներ ու հեռադիտակներ էր կարողացել ձեռք բերել գյուղից, ասում էր՝ սրանք շատ կարևոր են, հետո խորհուրդներ էր տալիս, որ ավտոմատն ու բահը ձեր ձեռքից չթողնեք, որտեղ կանգնեցիք՝ պարտադիր խրամատ փորեք»,- պատմեց Գրիգորի քույրը՝ Լիլիթը:
Հադրութից հետո, արդեն նոյեմբերի սկզբին Գրիգն ու իր ընկերները տեղափոխվել են Շուշի և մարտեր մղել Քարինտակի հատվածում: Գրիգորի հետ հարազատները կապ պահպանել են մինչև նոյեմբերի 6-ը, հաջորդ օրը Գրիգորի քրոջ երեխայի տարեդարձն էր, ու խնդրել էր հիշեցնեին իրեն, որ զանգեր շնորհավորեր: Բայց այդպես էլ չի զանգել: Նոյեմբերի 6-ից հետո Գրիգոր Պողոսյանի հետ այլևս զանգ չեն ստացել հարազատները:
«Նա սովորաբար առավոտյան էր զանգում՝ հիմնականում մինչև 11-12-ը, բայց հետո, երբ զինադադարը կնքեցին, ու էլի զանգ չկար, շատ անհանգստացանք: Հետո պարզվեց, որ իրենց ասել են՝ ձեր թիկունքն ապահով է Շուշիի կողմից, իսկ մյուս կողմից էլ, ըստ էության, պիտի Քարինտակի կողմերը կռվող տղերքը պահեին, որ չբարձրանային ադրբեջանցիները, բայց թե ոնց է եղել, որ բարձրացել են, դա էլ չգիտեմ:
Փաստացի ամսի 6-ին Շուշիում բնակչություն չի եղել, քաղաքը դատարկած են եղել, իսկ մեկ օրում դա դժվար կազմակերպեին: Երևի Շուշի մտնող ջոկատը մտածել է՝ Քարինտակն է պահում, Քարինտակի ջոկատը մտածել է՝ Շուշիից իրենց թիկունքը պահվում է, ու Գրիգենց վրա թիկունքից են հարձակվել:
Իր դատաբժշկական փորձաքննությունն եմ կարդացել, որ նա զոհվել է հրազենային վիրավորումից, խրամատի մեջ, ընկերոջ՝ Արթուրի հետ: Նրա հետ Հադրութում էր ծանոթացել, դարձյալ Արմավիրի գյուղերից էր՝ Արտաշարից»,-պատմում էր Գրիգորի քույրը: