Մամուլ

9 անշարժ գույք, ավտոմեքենա, 32 մլն դրամ. ինչ ունեցվածք ունի Արգիշտի Քյարամյանը

9 անշարժ գույք, ավտոմեքենա, 32 մլն դրամ. ինչ ունեցվածք ունի Արգիշտի Քյարամյանը

Armtimes.com-ը գրում է․ Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակված Արգիշտի Քյարամյանը 2021 թվականի փետրվարի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2020-ի տարեկան հայտարարագիրը:

Տարեսկզբում Քյարամյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք, որոնք տարեվերջում պահպանվել են: Մասնավորապես՝ միանձնյա սեփականության իրավունքով՝ 4 հողամաս, որոնցից 3-ը՝ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում, 1 հողին ամրակայված շինություն՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, 1 ավտոտնակ՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, դեռեւս իրավունքի պետական գրանցում չստացած 2 շինություն՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում եւ Գեղարքունիքի Երանոս գյուղում, ինչպես նաեւ՝ համատեղ սեփականության իրավունքով 1 բնակարան՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Տարեսկզբում նա ունեցել է «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջում պահպանվել է:

Արգիշտի Քյարամյան

2020-ի տարեսկզբում եւ տարեվերջում Քյարամյանը նույնչափ ավանդ է ունեցել բանկում՝ 6000 դոլար:

Նրա բանկային հաշվին 2020-ի սկզբում եղել է 405 հազար 194 դրամ, որը տարեվերջում դարձել է 138 հազար 256 դրամ:

Իսկ կանխիկ միջոցները՝ 32 մլն դրամ եւ 48 հազար դոլար, որը աճել են՝ դառնալով 35 մլն դրամ ու 48 հազար դոլար:

2020 թվականի ընթացքում ՔԿ նորանշանակ նախագահը 4 մլն 114 հազար 844 դրամ աշխատավարձ է ստացել ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, 7 մլն 952 հազար 86 դրամ աշխատավարձ՝ ԱԱԾ-ից եւ 111 հազար 24 դրամ աշխատավարձ՝ Քննչական կոմիտեից:

Նրա կինը՝ Ռուզաննա Քյարամյանը, տարեսկզբում եւ տարեվերջում բանկում ունեցել է 4000 դոլար ավանդ: Քյարամյանի կանխիկ միջոցները եւս փոփոխության չեն ենթարկվել տարվա ընթացքում՝ 26 մլն դրամ եւ 46 հազար դոլար:

2020 թվականին Ռուզաննա Քյարամյանը 188 հազար դրամ եկամուտ է ստացել՝ որպես տրված փոխառությունների դիմաց տոկոս:

Կիսվել