Մամուլ

9-ամյա երեխա է հոսպիտալացվել Ապարան ԲԿ՝ դպրոցի բակում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով

Shamshyan.com-ը գրում է․ Հունվարի 16-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի դպրոցի բակում դասընկերոջ կողմից քթին հարվածելու հետևանքով «Քթի փակ վնասվածք, կոտրվածք հարցականով, քթային արնահոսություն» ախտորոշմամբ Ապարան ԲԿ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 9-ամյա Դ․ Բ․-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։30-ի սահմաններում միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Դ․ Բ․-ի և իր համադասարանցիներ 9-ամյա Ա․ Գ․-ի և 9-ամյա Գ․ Պ․-ի  միջև, որի ժամանակ Ա․ Գ․-նը և Գ․ Պ․-ն հարվածներ են հասցրել Դ․ Բ․-ի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։