8 միլիոն դրամ արժողությամբ համարանիշներով Lexus-ը Բաղրամյան պողոտայում բախվել է պատին․ ով է եղել
Փետրվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Հարությունովը իր վարած Lexus մակնիշի 88 QQ 888 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի 50/5 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Արթուր Առաքելյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։