8 հազար ԱՄՆ դոլար՝ Հովիկ Աղազարյանի ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար
8 հազար ԱՄՆ դոլար՝ Հովիկ Աղազարյանի ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար
Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Հովիկ Աղազարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ ԱԺ նախագահը տվել է համաձայնություն։
Armlur.am-ը ներկայացնում է Հովիկ Աղազարյանի գործով հատվածական սղագրությունը, որը կցված է Աննա Վարդապետյանի կողմից ներկայացված միջնորդության փաստաթղթին։
Այսպիսով, վկա Հայկ Նազարյանը նախաքննության ընթացքում ի թիվս այլնի, ցուցմունք է տվել այն մասին, որ 2023 թվականի ձմռանը իրեն է դիմել ֆեյսբուքյան ընկերներից Գոհարը և հայտնել, որ Հովիկ Աղազարյանն իր եղբորից՝ Արամից, շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ է վերցրել։
Գայանեի եղբայր Արամն իրեն պատմել է, որ գումարները տվել է Հովիկ Աղազարյանին ինչ-որ մանկապարտեզ վերանորոգելու, դրա մոտ պետության կողմից իրեն հողատարածք տրամադրելու և դրա վրա էլիտար շենք կառուցելու համար։ Արամն իրեն հայտնել է նաև, որ դրանից առաջ Հովիկ Աղազարյանի հետ նույնաբովանդակ գործարքներ է կատարել նաև Դավթաշենում։
Հովիկ Աղազարյանին տրված գումարի մեջ ներառվել է նաև նրա ընկերուհու համար ընդհանուր 8000 ԱՄն դոլար արժողությամբ բջջային հեռախոս և մատանի գնելու գումարը, որը գնել է Արամը և նվիրել Հովիկ Աղազարյանի ընկերուհուն, երբ Հովիկ Աղազարյանը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։ Հայտնել է նաև, որ Արամն իրեն տեսանյութ է ուղարկել, որտեղ պատմում է Հովիկ Աղազարյանին գումարները տալու մասին։
Բացի այդ Արամը հայտնել է նաև, որ Հովիկ Աղազարյանը հանդիսացել է իր քավորը։ Ինքն այդ հարցով հանդիպում է կազմակերպել Արամի, Գոհար Սարգսյանի և Հովիկ Աղազարյանի միջև։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ևս մեկ պաշտոնատար անձ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հովիկ Աղազարյանի կողմից գումարները չվերադարձնելու հանգամանքները, որի ընթացքում խոսակցությանը ներկա պաշտոնատար անձը Արամին հորդորել է դիմել ոստիկանություն։ Նշել է նաև, որ Արամն իրեն հայտնել է, որ Հովիկ Աղազարյանին տված գումարները վերցրել է Ալիկ, Կարո անունով գործարարներից։