Մամուլ

8-ամյա Էլենը Ամանորը տանը կդիմավորի. Քաղցկեղն այլևս անցյալում է․ ֆոտո

8-ամյա Էլենը Ամանորը տանը կդիմավորի, ինչպես եւ երազում էր։ Վերջին ամիսները նա անցկացրել էր Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, որտեղ երկարատեւ բուժում էր ստանում։ Հիմա բուժումն արդեն անցյալում է, իսկ Էլենը առողջ է։

Ուսուցչուհու հետ համացանցով բացիկների նկարներն է նայում ու փորձում բացիկ պատրաստել, իր խոսքով, դոնորների համար։ Խոսքը «Ժպիտների քաղաք»/«City of smile» բարեգործական հիմնադրամի դոնորների մասին է, ում նվիրատվությունների շնորհիվ Էլենը եւ բազմաթիվ այլ երեխաներ բուժում են ստանում։

Քաղցկեղ

Աշխույժ, վառվռուն աչքերով փոքրիկը իր սիրելի գունանյութերն է ցույց տալիս՝ ասում է փայլուն ներկեր շատ է սիրում։ Վազվզում է հիվանդանոցում, զրուցում լրագրողների հետ, պատմում, որ Ձմեռ Պապից իր հասակի տիկնիկ է ուզել, երկար մազերով, որ ձեռքերն ու ոտքերը շարժվի, մեզ ուղեկցում է մայրիկի մոտ, վերջինս էլ հուզվում է, դժվարանում է խոսել Էլենի մասին։

Հարցին՝ ինչ ես երազում, Էլենը պատասխանում է. «Ուզում եմ Միսս Հայաստան դառնալ»։

Երեխայի մոտ ախտորոշված է եղել լոկալիզացված տիպի Յուինգի սարկոմա (ոսկրի քաղցկեղ): Փոքրիկը հունվար ամսից բուժում է ստանում։ 2 շաբաթ առաջ քիմիոթերապիայի վերջին կուրսն է ստացել։ 

Տուն գնալու մասին լուրը ժպիտով է ընդունում, վաղուց էր սպասում։ Ասում է՝ տանը եղբայրն է սպասում։

Էլեն Մկրտչյան

Աղբյուր՝ med.news.am

Կիսվել