Մամուլ

8 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին, հնարավոր է՝ տուն տեղափոխեն

8 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին, հնարավոր է՝ տուն տեղափոխեն

NEWS.am-ը գրում է․ Արդեն 8 ամիս ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա:

Այս մասին NEWS.am-ին ասաց Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:

Նա հայտնեց, որ բժիշկներն էլ չեն կարող ասել, թե եղբայրը երբ դուրս կգա այդ վիճակից, հնարավոր է մայիսի վերջին տեղափոխեն տուն եւ տանը կազմակերպեն նրա խնամքը:

«Եթե տեղափոխենք պետք է տուն վարձենք, բուժքույր վարձենք, որ կարողանանք խնամել»,- ասաց նա:

Կարենը նշեց, որ չնայած եղբորը ծեծի ենթարկելու գործով նախաքննությունն ավարտվել է, սաակայն գործը դեռ դատարան չի հասել:

Նշենք, որ մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը եւ մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ էր արձակվել։

Արա Մխիթարյանը 8 ամիս է՝ կոմայի մեջ է։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաեւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։

Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների եւ որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել։

Այդ վկայությունները տվել են դեպքին ականատես 4 սպաները, որոնք ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:

ՔԿ-ն ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Կիսվել