76-ամյա թոշակառուին հոշոտել են սեփական դստեր մոտ 50 շները
76-ամյա թոշակառուին հոշոտել են սեփական դստեր մոտ 50 շները
Ամերիկյան Կոլորադո նահանգում ձերբակալվել է մի կին այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները հայտնել են, որ նրա պահած ավելի քան 50 շներից մի քանիսը հարձակվել ու հոշոտել են կնոջ 76-ամյա մորը, հայտնում է CBS News-ը։
47-ամյա Ջեսիկա Հոֆը հինգշաբթի առաջին անգամ կներկայանա դատարան՝ կապված մոր՝ Լավոն Հոֆի մահվան հետ, ով տառապում էր հիշողության խանգարումներով և մշտական խնամքի կարիք ուներ։
Ջեսիկան ձերբակալվել է նախորդ ուրբաթ օրը՝ մեղադրվելով հանցավոր անփութության և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։
Իրավապահների փոխանցմամբ՝ փետրվարի 3-ին Ջեսիկան մորը միայնակ է թողել Կոլորադո Սիթիում գտնվող իրենց տանը, որը գտնվում է Դենվերից 140 մղոն դեպի հարավ, և հեռացել աշխատանքի։ Նույն օրը երեկոյան ոստիկանները տանը հայտնաբերել են Լավոնին՝ անգիտակից վիճակում, ինչպես նաև նրա կողքին մի քանի շների, ևս մոտ երկու տասնյակ շների ու յոթ թռչունների՝ վանդակների մեջ։
Ջեսիկա Հոֆի տանը և հարակից տարածքներում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 54 շուն, որոնց մի մասը վատառողջ էր։ Շերիֆի գրասենյակից հայտնել են նաև, որ կենդանիներն ապրել են հակասանիտարական պայմաններում, ինչի հետևանքով դրանք առգրավվել են։
Երկուշաբթի օրվա դրությամբ Ջեսիկա Հոֆը գտնվում էր բանտում, նրա համար նշանակված գրավի չափը 50,000 դոլար է։ Դատախազությունը դեռևս պաշտոնական մեղադրանքներ չի առաջադրել նրան։