Մամուլ

75-ամյա տղամարդը Ալավերդու տարածքում գտնվող գնացքի գծերի մոտից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի բնակավայրով անցնող երկաթգծի վրա գնացքը հարվածել է քաղաքացուն, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի 4-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները երկաթգծի այդ հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր:

alaverdi gnacq

Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Հովիկ Մ.-ն է:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և պարզվում է գնացքավարի ինքնությունը:

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է: