700 մլն-ն կուղղվի երաժիշտների աշխատավարձերի բարձրացմանը

700 մլն-ն կուղղվի երաժիշտների աշխատավարձերի բարձրացմանը։

«Հրապարակը» գրում է․ Նախօրեին վարչապետ Փաշինյանը ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին, այդ թվում՝ փաստեր ԿԳՄՍ ոլորտներից։ Մասնավորապես, 700 միլիոն դրամով աճել է մի շարք համերգային կազմակերպությունների ֆինանսավորումը, որի արդյունքում նրանք դառնում են ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող։

Դրանց թվում են Հայաստանի ազգային պետական երգչախումբը, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը,Պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Հայաստանի ազգային ջազ նվագախումբը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ «Հովեր» եւ «Տաղարան» համույթները, Երեւանի պետական կամերային երգչախումբը, Կամերային նվագախումբը, Կամերային երգչախումբը:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ իրենց դեպքում ինչքանով է աճել ֆինանսավորումը, եւ արդյոք այն ամբողջությամբ փակո՞ւմ է նվագախմբի ծախսերը։

«Ամբողջությամբ չի փակում, մեր ֆինանսավորումը կարծես թե 65 տոկոսով է բարձրացել»,- ասում է Սիրունյանն ու նշում, որ այդ գումարը հիմնականում ուղղվելու է երաժիշտների աշխատավարձերի բարձրացմանը․

«Ես կասեի, որ դա ոչ թե բարձրացում է, այլ այն բեռը, որ նախկինում Հայկական բարեգործական ընդհանուր միությունն էր իր վրա վերցնում, այնուհետեւ՝ «Լույս» եւ «Իմ քայլը» հիմնադրամները, հիմա արդեն պետական բյուջեով կֆինանսավորվի, որը շատ ավելի լավ է երաժիշտների համար»։

Պետությունն ի՞նքն է նախաձեռնել այդ քայլը, թե՞ իրենք են դիմել աջակցության համար։

«Կարելի է ասել, սա ընդհանուր նախաձեռնություն է։ Մեզ համար, իհարկե, բոլոր ժամանակներում էլ շատ ավելի նպաստավոր է, որ դա պետական բյուջեից ֆինանսավորվի, սակայն մինչ օր ֆինանսավորվում էր ոչ պետբյուջեից։ Հուսով եմ, որ հետագայում մնացած հարցերն էլ կլուծվեն, եւ հիմնադրամի կամ որեւէ այլ ձեւով կլրացվի այդ բացը։

Հետո․ այդ 700 մլն-ն, որ ավելացել է, բնականաբար, այդքան խմբերի չէր բավարարի, մեր նվագախմբի մասով կոնկրետ 65 տոկոս է բարձրացել՝ մոտավորապես 200 մլն դրամի չափով, իհարկե, դրանից հանած ավելացված արժեքի հարկը, այսինքն՝ հաշվարկները քանի դեռ ամբողջական արված չեն, չեմ ուզում հստակ պատասխանել»։

Ամեն դեպքում, 2020թ․ հունվարից վարչապետի մատնանշած 700 մլն-ն բաշխվելու է նվագախմբերի եւ երաժշտական այլ կազմակերպությունների միջեւ։

Նվագախմբերի համերգային գործունեությունից եւ տոմսերի վաճառքից ստացված գումարներն ո՞ւր են գնում՝ պետբյուջե՞, թե՞ իրենց արտաբյուջե։ «Իհարկե՝ արտաբյուջե, որովհետեւ ինչքան էլ պետությունը մեզ դրամաշնորհով ֆինանսավորում է, ամեն դեպքում, արտաբյուջեի հաշվին է, որ գոյանում է թե՛ «Արամ Խաչատրյան» համերգասրահի, թե՛ նվագախմբի ընդհանուր աշխատավարձի ֆոնդը։

Տոմսերի վաճառքից, դահլիճի վարձակալության գումարներից նախատեսվում է թե՛ աշխատավարձի այս տարբերությունը, թե՛ ամբողջ շենքի պահպանությունը, որի մի մասն էլ նախարարությունն է տալիս։ Այսինքն՝ արտաբյուջեից որեւէ գումար չի գնում պետությանը, դրանով միայն մեր հոգսերն ենք հոգում»,-ընդգծեց Սիրունյանը։

Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանն էլ իր խոսքում նշեց, որ այդ փոփոխության արդյունքում բարձրացել են իրենց բոլորի աշխատավարձերը, շատ կոնկրետ չի կարող ասել, թե ինչքան, բայց մոտավորապես կրկնակի չափով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։