7-ով պատշգամբ են գնացել, մահացած երեխան էլ մոր գրկին է եղել. մանրամասներ փլուզման դեպքից
7-ով պատշգամբ են գնացել, մահացած երեխան էլ մոր գրկին է եղել. մանրամասներ փլուզման դեպքից
Sputnik Արմենիան գրում է․ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում գտնվող շենքը, որի փլուզման հետևանքով 3 տարեկան մի աղջիկ է մահացել, նորմալ վիճակում է եղել, սակայն պատշգամբն է վթարային եղել։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը։
Տավուշի Հաղթանակ գյուղում երկհարկանի շենքի փլուզման հետևանքով 7 մարդ հոսպիտալացվել է Նոյեմբերի ԲԿ, իսկ հիվանդանոց տանելու ճանապարհին 3-ամյա մի աղջնակն էլ մահացել է։
«Շենքի պատշգամբը նախատեսված է եղել հրդեհային ելումուտի համար, սակայն տեղի բնակիչները պարբերաբար օգտվել են դրանից։ Խորհրդային տարիներին շինությունը պանսիոնատ է եղել, իսկ հետո անժամկետ տրվել է փախստականներին։
Նրանց մի մասը Ռուսաստան են մեկնել, իսկ 7 ընտանիք շարունակում է բնակվել այդ շենքում: Բնակիչներին պարբերաբար զգուշացվել է, որ պատշգամբը վթարային է, չօգտվեն դրանից»,–ասաց Շարոյանը։
Ինչ վերաբերում է դեպքին, ապա, ըստ համայնքի ղեկավարի, հարևաններից մեկի ձայնի վրա մյուսներն իրար կանչելով դուրս են եկել պատշգամբ` 3 քմ տարածքում 8 հոգով են կանգնած եղել։ Փլուզման հետևանքով 4 ընտանիքի անդամներ են տուժել` սալջարդեր կամ էլ կոտրվածքներ ստացել։
«Մահացած 3 տարեկան երեխան այդ պահին մոր գրկին է եղել։ Մայրն էլ սալջարդ ու թեթև կոտրվածքներ է ստացել։ Երեխայի հայրը Ռուսաստանում է` արտագնա աշխատանքի, վաղը կգա»,–ասաց Շարոյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում