50 տարի ժամկետով «Ալեքսանյանների ընտանիք» ՀԿ-ին տրամադրված մանկապարտեզ-դպրոցը վերադարձվել է համայնքին
50 տարի ժամկետով «Ալեքսանյանների ընտանիք» ՀԿ-ին տրամադրված մանկապարտեզ-դպրոցը վերադարձվել է համայնքին
Armtimes.com-ը գրում է․ Երեւանի Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը, որի շենքն ու հողատարածքը 2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը, վերադարձվել է համայնքին:
Քաղաքապետարանից պատասխանելով մեր հարցմանը՝ նշել են, որ դա տեղի է ունեցել 2019 թվականին. ««Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ-ի անվամբ պայմանագրով գրանցված անհատույց օգտագործման իրավունքը՝ համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 04.07.2019թ. տրված տեղեկանքի, ճանաչվել է ուժը կորցրած պայմանագրի 4.2 կետի հիման վրա»:
Քաղաքապետարանից միեւնույն ժամանակ հիշեցնում են, որ ժամանակին վարձակալության հանձնված այդ գույքը հանդիսանում է համայնքային սեփականություն: Նաեւ նշում են. «Դիտարկվում է անշարժ գույքը կրկին որպես մանկապարտեզ վերագործարկելու հնարավորությունը:
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին առնչվող հասարակական կազմակերպությունը ժամանակին պարտավորվել էր մանկապարտեզն ապահովել գույքով եւ սարքավորումներով, հոգալ մանկապարտեզ հաճախող երեխաների սննդի, հանգստի ծախսերը, լուծել աշխատակիցների աշխատավարձի խնդիրները: Բայց անցած տարիների ընթացքում կրթական հաստատությունը լուծարվեց, չգործեց ոչինչ, ու շենքը պարզապես անգործության մատնվեց:
Երեւանում մանկապարտեզ հաճախելու համար հերթագրված երեխաների հարցն առայժմ մնում է հրատապ եւ վերջնական չլուծված: Մանկապարտեզ հաճախելու ենթակա երեխաները մնացել են սպասողական վիճակում՝ ե՞րբ կգա մանկապարտեզ ընդունվելու իրենց հերթը:
Երեխաների ծնողները բողոքում են, բարձրաձայնում, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչները հարցին լուծում տալու տարբերակներ փորձում գտնել՝ նշելով նաեւ խնդրի հիմնական պատճառները: Պատճառներից մեկն էլ այն է, որ մանկապարտեզների համար համապատասխան տարածքները չեն բավարարում, քանի որ տարբեր ժամանակներում որոշ մանկապարտեզների շենքերը վարձակալական հիմունքներով կամ առանց դրա զբաղեցրել են տարբեր կազմակերպություններ:
Ուստի եւ քաղաքային իշխանությունները դեռեւս երկու տարի առաջ նախաձեռնել էին մանկապարտեզներից օտարված տարածքները եւ շենքերը պետությանը վերադարձնելու եւ կրկին մանկապարտեզի կարիքներին ծառայեցնելու գործընթացը: