Մամուլ

50-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում մեքենայով հայտնվել է Արզական բնակավայրի կամրջի տակ՝ գետի ափին. կա վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Ո.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Արզական ավտոճանապարհի Արզական բնակավայրի վարչական տարածքում՝ կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։