Մամուլ

5 բրոնզե մեդալ՝ «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում

5 բրոնզե մեդալ՝ «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում։ 2019 թվականի հուլիսի 7-15-ը Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի 50-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 78 երկրի 384 աշակերտ:

Բրոնզե մեդալների են արժանացել Եվա Հունանյանը, Դավիթ Զոհրաբյանը, Քրիստինե Գրիգորյանը, Հայկ Մուրադյանը և Դավիթ Կիրակոսյանը։ Բոլոր աշակերտները սովորում են Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։

ՀՀ թիմը ղեկավարում էին Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանը և անդամ Բիլոր Կուրղինյանը։ Ֆիզիկայի 1-ին միջազգային օլիմպիադան անցկացվել է 1967 թ․-ին։

Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ տեսական և փորձարարական։ Յուրաքանչյուր երկրից մրցույթին կարող է մասնակցել առավելագույնը 5 աշակերտ։ Մասնակիցների աշխատանքները գնահատում է միջազգային հանձնաժողովը:

2018 թ․-ի օլիմպիադայում, որն անցկացվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, ՀՀ դպրոցականների թիմն արժանացել էր մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալների, ինչպես նաև մեկ գովասանագրի։

Կիսվել