Մամուլ

5-ամյա Լիլիթը պետք է վիրահատվի. նա բոլորի օգնության կարիքն ունի. Ֆոտո

5-ամյա Լիլիթը բոլորի օգնության կարիքն ունի․ Երևանի բնակիչ Լիլիթ Սաֆարյանը ոսկրերի հետ կապված խնդրով պետք է 2 վիրահատության ենթարկվի, սակայն անհրաժեշտ փողը չի հավաքվում: News.am-ի հետ զրույցում փոքրիկ Լիլիթի պատմությունը ներկայացրեց նրա մայրիկը:

«Ծնվելուց հետո 3-րդ օրը բալիկիս ջերմաստիճանը բարձրացավ, սկսվեցին ստամոքսային խանգարումներ, 10 օր պահել են մեզ ծննդատանը, առանց որեւէ ախտորոշման, ինչից հետո, կարելի է ասել, կռիվ անելով տեղափոխեցինք երեխային Մուրացանի մանկակական հիվանդանոց, որտեղ բալիկիս միանգամից արյան վարակ ախտորոշեցին:

Այն արդեն հասել էր երեխայի ոսկրերին` 4 օջախով: Այնտեղ պառկել է վերակենդանացման բաժանմունքում, արյան փոխներարկումներ են արել, իմունիտետը բարձրացնող թանկարժեք դեղեր ներարկել: Շատ բարձր դեղաչափով հակաբիոտիկներ են տվել, ինչին բալիկս դիմացել է: 2 ամսականում դուրս ենք գրվել արդեն լավ վիճակում,  հիվանդությունն արդեն նահանջում էր»,- պատմեց Սոնա Ղազարյանը:

Դրանից հետո Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում եւ տարբեր վերականգնողական կենտրոններում աղջնակը բոլոր հնարավոր բուժումներն անցել է եւ 2018 թվականի փետրվարին, վիրահատվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում. «Առաջին վիրահատությունը 6.5 ժամ է տեւել, դրանից հետո էլ հոկտեմբերին կրկին վիրահատվել է: Փորձել են կոնքի գլխիկը ֆիքսել, որպեսզի դուրս չգար, դե հոդի կարճությունը մնալու էր, բայց մի բան էլ ոտքը կարճացել է: Դրանից հետո էլ ծնկի վրա  միջամտություն չարեցին»:

5-ամյա Լիլիթ

Սոնան պատմեց, որ դրանից հետո երեխային տարել է Գերմանիա կոնսուլտացիայի, եւ իրենց ասել են, որ երկու վիրահատություն պետք է արվի.

«Առաջինը կոնքի հոդագլխիկը պետք է վիրահատվի, եւ վիրահատությունը փետրվարի 4-ին է նշանակված, որից հետո 12 օր մնալու ենք հիվանդանոցում, գալու ենք Հայաստան եւ 8 շաբաթ հետո նորից ենք գնալու եւ ծունկն են վիրահատելու,  15 օր մնալու ենք եւ վերադառնանք: Մեզ բոլոր վիրահատությունների համար 20 հազար եվրո է անհրաժեշտ, որից 5000-ը մենք ունենք»:

5-ամյա Լիլիթի մայրիկը բոլորի օգնությունն է խնդրում` երեխայի վիրահատությունը կազմակերպելու համար: Ընտանիքի հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարով` 093 278334:

5-ամյա Լիլիթ
5-ամյա Լիլիթ
5-ամյա Լիլիթ
5-ամյա Լիլիթ
Կիսվել