487 մլն դրամ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսին, 431 մլն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանի
487 մլն դրամ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսին, 431 մլն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանի
Factor.am-ը գրում է․ Առողջապահության նախարարությունը 2021 թվականի համար «հիվանդանոցային ծառայություններ» տողով չորս ապահովագրական կազմակերպության հետ կնքել է գնման պայմանագիր:
Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 407 մլն 122 հազար դրամ: Ըստ պայմանագրերի ծառայությունների գնման նպատակի՝ապահովագրական ընկերությունները պարտավորվում են պատահար տեղի ունենալու դեպքում հատուցել ապահովագրված անձանց բժշկական ծառայությունների արժեքները:
Ուշագրավ է, որ ամեն առիթով կոռուպցիայի դեմ պայքարից խոսող այս կառավարության մաս կազմող Առողջապահության նախարարությունը ծառայություններն ապահովագրական ընկերություններից ձեռք է բերել առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով:
Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գնումների պետական համակարգում հրապարակված պայմանագրերից:
Պարզվում է, որ Առողջապահության նախարարությունը ապահովագրական ծառայություններ մատուցող պատահական ընկերությունների հետ պայմանագրեր չի կնքել: 1 միլիարդ 407 մլն դրամից մոտ կես միլիարդ դրամը (487 մլն 162 հազար դրամ) բաժին է հասել «Նաիրի Ինշուրանսին»:
Այս ընկերության 60 տոկոսը պատկանում է Փաշինյանի քաղաքական հակառակորդ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, մասնավորապես, Լևոն Քոչարյանին: Գործարար, իշխանությունների աջակից Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանն էլ այս գործարքից բաժին է հասել 431 մլն 913 հազար դրամ:
Նախարարությունը 246 մլն 775 հազար դրամի պայմանագրեր է կնքել «ՌԵՍՈ» ընկերության հետ և 241 մլն 271 դրամի էլ «Արմենիա Ինշուրանս»-ի հետ: Նշենք, որ պայմանագրերը կնքվել են 2020-ի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ին, մեկ տարի ժամկետով: Այդ ժամանակ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր, որն այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է: