46-ամյա տղամարդը բենզինով հրկիզել է իր 62-ամյա ազգականի ավտոմեքենան
46-ամյա տղամարդը բենզինով հրկիզել է իր 62-ամյա ազգականի ավտոմեքենան
Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղում ավտոմեքենա են հրկիզել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, իսկ մինչ այդ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի 9-րդ փողոցում «ԳԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Ոստիկանները պարզել են հրկիզողի ինքնությունը։
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկաններն ու պարեկները նշված ավտոմեքենան հրկիզելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Կարեն Ս․-ին, որը կասկածվում է իր ազգականի՝ 62-ամյա Ջիվան Ս․-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու համար։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։