Մամուլ

45 տրոլեյբուսից առնվազն 30-ը հնարավոր չի լինելու ձեռք բերել տրանսպորտից թերհավաքագրումների պատճառով

Փետրվարից ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի և ինչ-որ չափով անկառավարելի իրավիճակ, որը բերեց-հասցրեց մի կետի, որ արդեն 5 ամիսների ընթացքում փաստացի Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի, Երևանի մետրոպոլիտենի, նաև «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կողմից, ընդհանուր հաշվով հավաքվել է շուրջ 6 մլրդ 30 մլն դրամ: Այս թվերն առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով այն պատկերը, որ ունենք, արդեն պատկերացնում ենք, թե հետագայում ինչ է լինելու:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Երևանի քաղաքապետարանը նախատեսել և հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս (նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել): Բանից պարզվում է, որ արդեն 45-ից առնվազն 30-ը հնարավոր չի լինելու առնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ այդ գումարը, որպես այդպիսին, չկա: Հետևապես, այդ 30 նոր տրոլեյբուսները, որ պետք է լիներ 45-ի մեջ, դուրս են եկել ցանկից:

Եթե նման տեմպերով շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ 15 տրոլեյբուսն էլ Երևանի քաղաքապետարանը է՛լ չկարողանա ձեռք բերել, ինչը մեր ընդդիմադիր գործընկերներին հերթական առիթը կտա ասելու, թե տեսե՛ք, հայտարարեցին 45-ը, բայց ո՛չ այն 30-ը բերեցին, ո՛չ 15-ն են կարողանալու բերել: Բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ ցանկացած հայտարարություն, ցանկացած բողոքի բորբոքում նաև հղի է նման հետևանքներով»,- ասաց նա:

Կոստանյանը տեղեկացրեց, որ հիմա հասարակական տրանսպորտում պատկերն այնպիսին է, որ անգամ այն մարդիկ, որ պատշաճ վճարում էին, տեսնելով, որ չկա համապատասխան հսկողություն, մնացած չվճարողների նման չեն վճարում:

«Չվճարողների մեջ գուցե կան մարդիկ, որ ի սկզբանե դեմ էին այս փոփոխություններին, բայց կան նաև մարդիկ, որ իրավիճակից օգտվում են, կատեգորիկ չեն վճարում: Իսկ չվճարումները բերել են բյուջեի տեսանկյունից որոշակի խնդիրների, և Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտից, պայմանական՝ հանրակրթության ոլորտից, գումար կտրել, ներդնել հասարակական տրանսպորտի մեջ:

Այսինքն՝ բոլոր չվճարումները բերելու են նրան, որ նոր շարժակազմերն էլ ավելի ուշ են Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերվելու, և այն խնդիրները, որ առաջանում են հասարակական տրանսպորտում, Երևանի քաղաքապետարանի կողմից գուցե ավելի դժվար կարգավորվեն: Խոսքը վերաբերում է շարժակազմերին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է չվճարողների համար տուգանք սահմանելուն, ապա, ըստ Հայկ Կոստանյանի, հարցը մնում է Երևանի քաղաքապետարանի օրակարգում, բայց որոշման ընդունումն Ազգային ժողովի տիրույթում է: