45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով. Լոռու մարզի երկրաշարժի մանրամասները
45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով. Լոռու մարզի երկրաշարժի մանրամասները
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին, Հայաստանի Հանրապետության Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.6 մագնիտուդով (էպիկենտրոնային գոտում՝ 6-7 բալ ուժգնությամբ) երկրաշարժին հաջորդում են հետցնցումներ, ինչը բնական է։
«Մասնավորապես, այս պահի դրությամբ արձանագրվել է 45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։
Հետցնցումը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի, որի ընթացքում հնարավոր է՝ տեղի ունենան թույլ և միջին ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգացվել բնակավայրերում։

Բնակիչներին հորդորում ենք խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Ժամը 12։30-ի դրությամբ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրի և Արթիկ քաղաքներից ստացվել է 2 ահազանգ։
Գյումրիում, ըստ նախնական տվյալների, փլուզվել է վթարային տան երկշերտ պատի արտաքին շերտը՝ մոտ 2 ք․մ։
Արթիկում, ըստ նախնական տվյալների, շենքերից մեկի 5-րդ հարկից 2 քար է ընկել։ Փրկարարները հեռացրել են թուլացած ևս 2 քար։
Այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների՝ երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են»,- գրել է Սարգսյանը։