41-ամյա քաղաքացին ԱԱԾ շենքի դիմաց փորձել է ինքնահրկիզվել
41-ամյա քաղաքացին ԱԱԾ շենքի դիմաց փորձել է ինքնահրկիզվել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 21-ին, ինքնասպանության փորձ կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազգային անվտանգության ծառայության շենքի՝ Նալբանդյան փողոցի հատվածում, գլխավոր մուտքի դիմաց, մի քաղաքացի է նստել աստիճաններին և սպառնում, որ իրեն հրկիզելու է։
Նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արթուր Ե-ն է։
Ոստիկանները կարողացել են նրա հետ զրույց ունենալուց հետո համոզել, որ չդիմի այդ քայլին, որից հետո նրան հրավիրել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։
Թե ինչի համար է քաղաքացին ԱԱԾ մուտքի դիմաց փորձել դիմել նման ծայրահեղ քայլի, ոստիկանությունը պարզում է։