Մամուլ

4 հոգի ճանապարհ են փակել, 40 հազար հոգի ինձ գրկաբաց ընդունում են. Հունան Պողոսյան

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ընտրական ցուցակով չի առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում: Նշենք, որ մնացած մարզերում մարզպետներն առաջադրվելու են ՔՊ ընտրական ցուցակով: «Ես չեմ պատրաստվում առաջադրվել, շարունակելու եմ պաշտոնավարել, ամեն ինչ նորմալ է, նորմալ աշխատանքային հունով ամեն ինչ առաջ է գնում»,- նշեց Հունան Պողոսյանը:

Հարցին, թե այժմ գո՞հ է մարզի բնակչությունն իր աշխատանքից, քանի որ նրա նշանակմանն արձագանքել էին՝ ճանապարհ փակելով, Հունան Պողսյանն ասաց, որ «ընդամենը 4 հոգի» են ճանապարհ փակել: «Ճանապարհ փակել էին ընդամենը 4 հոգի․ դուք անընդհատ անդրադառնում եք դրան, իսկ որ 40 հազար հոգի գրկաբաց, սիրալիր ընդունում են, դրան չեք անդրադառնում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել հոկտեմբերի 16-ին: Մարզի բնակիչները Փաշինյանի այս որոշումը դժգոհությամբ էին ընդունել:

Կիսվել