Ազատ խոսք

4 իշխանական թեզ, որ իրականության հետ կապ չունեն. Արման Աբովյան

Կարդում եմ մեկնաբանությունները Սյունիքի միջանցքը ամերիկացիներին հանձնելու վերաբերյալ։ Օրինակ՝ իշխանության բարձր պաշտոնյաների կողմից, և պարզապես զարմանում ստի մակարդակից։ Այսպիսով, որպեսզի բոլորին իրականությունը պարզ լինի, բացենք իշխանական քարոզչության հիմնական դրույթները։

  1. Իշխանական թեզ — Միջանցքը ամերիկացիներին տրամադրվում է Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում, և ճանապարհին տեղի ունեցող ամեն ինչ ենթակա է լինելու մեր երկրի ներքին օրենքներին։
    Իրականություն — Ախր ոչ ոք չի ասում, որ ճանապարհը իրավական առումով անցնում է արտաքին (կարևոր է) որեւէ իրավասության տակ։ Խնդիրն այլ է․ թղթով ճանապարհը Հայաստանի տարածք է, բայց իրականում՝ որպես պետություն, Հայաստանը զրկվում է իր լիազորությունները լիարժեք իրականացնելու հնարավորությունից։

Դատեք ինքներդ․
Ո՞վ է իրականացնելու անմիջական սահմանային և մաքսային գործառույթներ ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք մուտք գործելիս կամ դուրս գալիս․ հայկական սահմանապահնե՞րը և մաքսավորնե՞րը — Ո՛չ։

Արդյո՞ք Հայաստանի ոստիկանությունը և ուժային կառույցները իրավունք կունենան կամայական զննում իրականացնել ադրբեջանցի քաղաքացիների և բեռների նկատմամբ միջանցքի տարածքում։ – Ո՛չ։
Եվ ընդհանրապես, արդյո՞ք Հայաստանի ուժային կառույցները կկարողանան իրականացնել ուղիղ վերահսկողություն, զննում կամ խուզարկություն (կասկածների դեպքում) Ադրբեջանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ – Ո՛չ։

  1. Իշխանական թեզ— Միջանցքը տրամադրվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շրջանակներում։
    Իրականություն — Միջանցքի տրամադրումն առանձնացված կետով է ընթանում և չի նշանակում Հայաստանի և Ադրբեջանի բոլոր հաղորդակցությունների բացում։ Իրականում սա, այսպես կոչված, շինծու «խաղաղ գործընթացից» առանձին քայլ է և որևէ կապ չունի Հայաստանի ապաշրջափակման հետ։
  2. Իշխանական թեզ — Ցանկացած հաղորդակցության (միջանցքը՝ ներառյալ) բացումը կատարվում է «հայելային» սկզբունքով։ Այսինքն՝ իշխանությունների պնդմամբ, եթե Հայաստանը գիտակցաբար սահմանափակում է ադրբեջանցի քաղաքացիների և բեռների ստուգում, ապա նույնպիսի ռեժիմ պետք է գործի նաև հայերի և հայկական բեռների նկատմամբ։
    Իրականություն— Ադրբեջանն արդեն հերքել է այս պնդումը և հայտարարել, որ եթե երբևէ բացի սահմանը Հայաստանի համար, մարդկանց և բեռների ստուգումն ամբողջությամբ կիրականացնեն միայն ադրբեջանցի սահմանապահներն ու մաքսավորները՝ առանց որևէ սահմանափակման։
  3. Իշխանական թեզ — Թուրք-ադրբեջանական տանդեմին միջանցքի տրամադրումը ամերիկյան վերահսկողության ներքո մեծ տրանսպորտային և տնտեսական շահույթ կբերի Հայաստանին և Հայաստանի տնտեսությունը նոր շունչ կստանա ։
    Իրականություն — Ըստ արևմտյան մամուլի տեղեկությունների, Հայաստանը կստանա ընդամենը տրանսպորտային հոսքերից գոյացած տրանզիտ մուծումների  30 տոկոսը, և հաշվի առնելով Ադրբեջանի սահմանից մինչև Նախիջևանի սահման կարճ ճանապարհը, դա լինելու են չնչին գումարներ։ Բացի այդ, բեռների և մարդկանց մասին տեղեկատվությունը Հայաստան կհասնի երրորդ կողմի միջոցով, ոչ թե անմիջապես, ինչն արդեն իսկ կասկածներ կառաջացնի տվյալների հավաստիության հարցում։

Չկան որևէ, ընդգծում եմ՝ տնտեսական հիմնավորումներ միջանցքի ծախսերի վերադարձելիության վերաբերյալ։

Անմիջապես առաջանում է հարց․ եթե ֆինանսական շահ չկա, ԱՄՆ-ին ինչո՞ւ է պետք այս միջանցքը։ Պատասխանը պարզ է՝ ԱՄՆ-ը, Թուրքիան և Ադրբեջանը ձևավորում են ոչ թե տնտեսական ուղի, այլ ռազմական, տրանսպորտային և էներգետիկ լոգիստիկա՝ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում սահմանափակելու, ինչպես նաև Չինաստանի գործոնը «Մեծ Արևելք — Եվրոպա» գծով զսպելու համար։

Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանի տարածքն օգտագործվելու ռազմական նշանակության բեռների տեղափոխման համար Ադրբեջան և Կենտրոնական Ասիա՝ Ադրբեջանում ՆԱՏՕ-ի բազայի կառուցման և Բաքվին սպառազինությունների մատակարարման շրջանակում՝ համաձայն ամերիկա-ադրբեջանական պայմանավորվածության, որով չեղարկվել է 907-րդ կետը, որը սահմանափակում էր ամերիկյան զենքի մատակարարումը Ադրբեջանին։ Եվ հակառակ ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի էներգակիրների տեղափոխման համար դեպի Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա։
Ի դեպ, էներգակիրների տարանցման դիմաց Հայաստանի «բաժին» շահույթը լինելու է նվազագույնը…

Եզրափակելով՝ ուզում եմ ասել, որ այս պահին ես նույնիսկ չեմ անդրադառնում այն փաստին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները մեր երկիրը վերածել են ոչ միայն «խուժանավարի» անցուդարձի վայրի այն երկրների համար, որոնք մեզ սպառնում են ոչնչացմամբ, այլ նաև բեմահարթակի՝ ԱՄՆ + ՆԱՏՕ և Ռուսաստան + Իրան + Չինաստան դիմակայության համար։ Ուստի, եթե դեռ մեզ մոտ մնացել է բանականություն, պետք է անել համապատասխան հետևություններ և չխաբել ինքներս մեզ։

Արման Աբովյան