ՄամուլՏեսանյութ

38-ամյա տղամարդու կյանքը հաջողվել է փրկել, իսկ ընկերը բժշկական կենտրոնում մահացել է

Քննությամբ պարզվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37–ամյա բնակիչ Ա․Ե.–ն, գումարային հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, զանգահարել է 38–ամյա տղամարդուն և նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, 37-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ ավտոմեքենայով գնացել է 38-ամյա տղամարդու ընկերոջ գրասենյակ, որտեղ հանդիպել են Երևանի 38–ամյա բնակչին և նրա կողմնակիցներին։

Հիշյալ հարցի քննարկման ընթացքում, 38–ամյա տղամարդու կողմից Ա․Ե․–ին հասցեագրված արտահայտության պատճառով, Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9մմ տրամաչափի ատրճանակով կրակոցներ են արձակել 38-ամյա տղամարդու ուղղությամբ, Ա․Ե․–ի կողմնակիցները սուր ծակող-կտրող առարկայով, գրասենյակի պատին կախված ժամացույցով, ինչպես նաև իրենց մոտ առկա ատրճանակի բռնակով և ձեռքերով հարվածներ են հասցրել 38-ամյա տղամարդու և նրա 47–ամյա ընկերոջ գլխին և մարմնի տարբեր մասերին:

Վերջինիս պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, նա մի քանի օր անց բժշկական կենտրոնում մահացել է։ Իսկ 38–ամյա տղամարդու կյանքը հաջողվել է փրկել։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաև տուժողների կողմնակիցներից երկուսը։

Ենթադրյալ հանցագործությունը կատարած 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և հայտարարվել է հետախուզում։

2023թ․ սեպտեմբերին հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներից մեկը հայտնաբերվել է, երկուսն ինքնակամ ներկայացել են քննչական մարմին։ Նրանց մեղադրանքներ են ներկայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նրանց մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Մյուս մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել էջում