37-ամյա Արամայիս Ղուկասյանը գիտակցության չգալով մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների, այնտեղ մահացածի և վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուրեն Գասպարյանը:
Վթարի հետևանքով Ս. Գասպարյանն ու նրա ուղևորներ՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Արամայիս Ղուկասյանն ու Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Վարդուշ Լազարյանը տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Ա. Ղուկասյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Հիվանդանոց են տեղափոխվել ևս 3 հոգի, սակայն նրանք առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուրեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Մ3 66 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում` քարերի վրա:
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ապարան» բժշկական կենտրոն: