36-ամյա տղամարդը «Ալավերդու» ԲԿ-ում հարվածել է բժշկի դեմքին․ ՔԿ

36-ամյա տղամարդը «Ալավերդու» ԲԿ-ում հարվածել է բժշկի դեմքին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են նույն մարզի 36-ամյա բնակչի կողմից «Ալավերդու բժշկական կենտրոն»-ում կատարված խուլիգանության և բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ․ հունիսի 18-ին, գիշերը, սթափության վիճակի զննություն կատարելու նպատակով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել մի քաղաքացի։

Վերջինիս հետ եկած 36-ամյա տղամարդը բուժհաստատության մասնաշենքի 1-ին հարկում՝ ընդունարանի և բժիշկների սենյակի մոտ գտնվող միջանցքում, սթափության վիճակը զննելու կապակցությամբ վիճաբանել է ստուգումն իրականացնելուն նախապատրաստվող՝ հիշյալ ՓԲԸ շտապ օգնության հերթապահ բժշկի հետ, քաշքշել նրա հագուստներից։

Ապա աշխատասենյակից վերջինիս դուրս քաշելով միջանցք՝ նա 3-4 անգամ ձեռքերով հարվածել է բժշկի դեմքին և կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Այս գործողություններն ուղեկցվել են բարձր աղմուկով, միայն այլ բուժաշխատողների միջամտությամբ է հաջողվել տվյալ անձին դուրս հրավիրել բժշկական կենտրոնից։

Նշված գործողությունների հետևանքով խաթարվել է բժշկական կենտրոնի և հիշյալ աշխատակիցների բնականոն գործունեությունը, բժշկին չի հաջողվել կատարել սթափության վիճակի ստուգում, իսկ ներկաների մոտ առաջացել է վախի ու տագնապի զգացողություն:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: