350 հազար մարդու պանդուխտ եք դարձրել, 800 հեկտար հող կորցրել, պարտքը 6 միլիարդի հասցրել
aniarc.am-ը գրում է. Այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ և Մարտի 1-ի արյունոտ ճանապարհով հասավ Բաղրամյան 26, Հայաստանից հեռացել է շուրջ 350 հազար մարդ:
Այսինքն, 2008-ից ի վեր Հայաստանից հեռացել է յուրաքանչյուր տասներորդ բնակիչը:
Դա նշանակում է, որ Հայաստանից հեռացել է չորս Գյումրիի բնակչություն:
Կամ՝ կրկնակի Լեռնային Ղարաբաղ գումարած 50 հազարանոց մի քաղաք:
Ահա թվերը պաշտոնական, որոնք ցույց են տալիս Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների տարբերությունը.
2008 թվական մինուս 23.059
2009 թվական մինուս 24.978
2010 թվական մինուս 46.486
2011 թվական մինուս 43.820
2012 թվական մինուս 42.784
2013 թվական մինուս 31.188
2014 թվական մինուս 41.235
2015 թվական մինուս 43.438
2016 թվական մինուս 48.200
Սերժ Սարգսյանի նախագահության իննուկես տարիներին պանդուխտ է դարձել 350 հազար հայաստանցի:
Սարսափելին այն չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության մնացած ինը ամիսներին Հայաստանից կհեռանա ևս մի քանի հազար մարդ:
Սարսափելին այն է, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն չեն ուզում հեռանալ ընդհանրապես:
Հանուն հավերժության՝ Սահմանադրություն գրեցիք՝ անունը դնելով բարեփոխում։
Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝ 1994-ից ի վեր առաջին անգամ, Արցախը, այսինքն՝ Հայաստանը, 800 հեկտար հող կորցրեց։
Հանրապետական Ձեր ընկերներն ասացին՝ անմշակ, ամայի հող է։
Հարյուր հայ էր ընկել այդ հողի վրա։
Պետական պարտքը հասցրեցիք վեց միլիարդի, աղքատությունը՝ 30 տոկոսի:
2008 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի ամբիոնից դիմում էիք հայությանը, անունը դնում “Հայկական հրաշքի բանաձեւ”:
Ձեր ելույթի մի հատվածը կրում էր “Մեր ու մեր տնտեսության մասին” ենթախորագիրը: Ահա այն ամբողջությամբ.
“Ես կրկին ուզում եմ բարձրաձայնել, որ Հայաստանի համար եկել է մեծ ու համարձակ տնտեսական նախագծերի ժամանակը, այսպես ասած՝ գերծրագրերի ժամանակը։
Այդօրինակ ծրագրերը ոչ միայն կարեւորագույն ռազմավարական խնդիրներ են լուծում, այլեւ լայնամասշտաբ ազդեցություն են ունենում տնտեսության եւ հասարակության վրա. դրանք հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծում, դառնում են տարբեր ձեռնարկությունների ստեղծման պատճառ, նոր շուկաներ են բացում եւ ամբողջական ոլորտների, այդ թվում՝ գիտության զարգացման խթան դառնում։
Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը լավագույն վկայությունն է այն բանի, որ այսօր, նույնիսկ ամենահամարձակ նպատակադրումները մեր երկրում կարող են իրականություն դառնալ հետեւողականության, սեփական ուժերի հանդեպ վստահության ու աշխատանքի շնորհիվ։