3 օր է պուլեմյոտից կրակում են, մենք գոնե մի անգամ ի պատասխան չենք կրակել․ «Հրապարակ»
«Հրապարակը» կապվեց Խաչիկ գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանի հետ, նա մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է:
«Ես չեմ նկատել կուտակում»,-ասաց նա, իսկ կնկատեի՞ք, եթե լիներ, ասաց․ «Անպայման»:
Կապ հաստատեցինք նաև Արմաշ բնակավայրի բնակիչ, պատերազմի մասնակից Տիգրան Մաթևոսյանի հետ։ Նա ասաց, որ ինչ որ կուտակում կա, սակայն դա նորություն չէ:
«Այդ կուտակումը միշտ էլ եղել է, նորություն չի: Կարող է վերջերս մի քիչ շատացնեն, նույնիսկ իրենց տամոժնիայից ֆուրերի անցնելը նկարել ու հրապարակել եմ համացանցում՝ Թուրքիա-Նախիջևան մաքսակետից անցնող: Իրենց կողմում ինժեներակն շատ ակտիվ աշխատանքներ են գնում, բլինդաժներ են սարքում, զորավարժություններ են անում: Եթե բլինդաժ են կառուցում, ապա դա հիմնական է, բնական է, որ չեն սարքում դա, որ հետո քանդեն»,-ասաց Արմաշի բնակիչը:
Սադրանքներ, կրակոցներ լինու՞մ են, թե ոչ, ասաց, որ ինչպես իրեն է հայտնի դարձել, երեք օր առաջ թշնամին կրակոցից հրդեհ է առաջացրել, իսկ կրակը տարածվել է անվադողերով կառուցված կետի վրա ու ամբողջությամբ ոչնչացրել այն:
«Մենք որ ասում ենք քողարկիչներ են պետք, գաբիոններ բերեք, այդ կտորներից լինում է նաև հրակայուն, հրդեհի ժամանակ այդ կտորները չեն վառվում, մեջը հող է լցվում ու նույնիսկ խոշոր տրամաչափի հրազենային զենքից կարող է պաշտպանել՝ դրա համար ենք ասում դրանցից է պետք:
Այդ եղեգնուտները որ կան, մի կայծ է պետք, որ վառվի ու կրակը տարածվի: Պարզ է, որ միտումնավոր են կրակել, հո պատահաբար չեն կրակել: Դե հիմա քանի հատ է, դիրք է, թե կրակակետ, թե ինչ է, անվանդողերով սարքած է եղել՝ ամբողջը այրվել է, ամբողջ ինֆորմացիային չեմ տիրապետում: Թշնամին միշտ էլ սադրում է, եթե թշնամու հետ խաղաղության ես գնում, ուրեմն ամենավերջին հիմարն ես»,-ասում է Արմաշի բնակիչը:
Կապ հաստատեցինք Երասխի բնակիչներից մեկի հետ, ով հորդորեց չհրապարակել իր անունը, քանի որ համայնքապետի կամ վարչական շրջանի ղեկավարի հետ չի ուզում խնդիրներ ունենալ, ասաց, որ այդ կուտակումները վաղուց նորություն չեն, թշնամին զորավարժություններ է անցկացնում պարբերաբար:
«Երասխի ուղղությամբ սահմանագծին ավելի մոտ տարածքում է թշնամին զորավարժություն իրականացնում, այնքան մոտ, որ մենք կրակոցների ձայները լսում ենք, բայց նորություն չի այս ուղղությամբ իրենց կուտակումները»,-ասաց Երասխի բնակիչը: Մեկ այլ ուշագրավ նորություն մեզ հայտնեց Ջերմուկի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զինվորականներից մեկը:
«Երեկ չէ առաջին օրը ադրբեջանական զորքերի կուտակումներ ենք նկատել Ջերմուկի ուղղությամբ՝ թշնամին երկու անգամով կրկնապատկել է իրենց զորքի թիվը, բացի այդ, շատ լուրջ ինժեներական աշխատանքներ են տանում՝ այդ ամենը մեր աչքի առաջ է կատարվում»,-ասաց զինվորականը:
Եվ հավելեց, որ տեխնիկայի մասով ոչինչ ասել չի կարող, քանի որ թշնամին, եթե տեխնիկա էլ բերում է, ապա քողարկում է և այնպիսի դիրքերում է տեղադրում, որոնք հայկական կողմից տեսանելի լինել չեն կարող:
«Իրենք երեք օր է մեր վրա աշխատում են, պուլիմյոտից կրակում են մեր վրա, սակայն մենք գոնե մի կրակոց ի պատասխան չենք արձակել»,-ասաց մեր զրուցակիցը: