3 պատերազմների մասնակից 28-ամյա Նվերն ընդամենը 28 օրվա ամուսնացած էր
28-ամյա Նվեր Փարամազյանի մասին կինը՝ Ամալյան, անցյալով չի խոսում։ Ձայնից անչափելի տխրություն ու հուզմունք է ծորում, երբ ամուսնու մասին որևէ բան է պատմում․ միասին անցկացրած օրերի հիշողություններն ու ունեցած զրույցների բոլոր մանրամասները սրբությամբ պահում է հիշողության մեջ։ Ամալյան ու Նվերը Արցախի Մարտունու շրջանից են․ Ամալյան Ճարտարից է, Նվերը՝ Մուշկապատից։ Սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմն սկսվել է, նրանք 28 օրվա ամուսիններ էին։
«Երկու շաբաթ էր, որ Մարտունիում տուն էինք վարձել։ Հարևանների հետ չէինք հասցրել ծանոթանալ։ Այդ օրը սովորականից մի քիչ շուտ էի տուն եկել ու պատրաստվում է սեղան գցել, որ Նվերը գար, ճաշեինք, ու միանգամից սկսեցին պայթյունները․ հասկացա, որ պատերազմ է․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է Ամալյան։
Դեռևս անծանոթ հարևանների հետ Ամալյան նկուղ է իջնում։ Կարճ ժամանակ անց հասնում է ամուսինը, որպիսությունը հարցնում ու ավանդական արտահայտությունն է անում՝ «պինդ կաց․․․»։ Նվերը նկուղում չի մնում, մոտ 40-50 րոպե շենքի դիմաց հեռախոսով խոսում է, զանգում դիրքերում գտնվող ծանոթներին, հարազատներին, որ հասկանա իրավիճակը։
«Ընդմիջման գալիս՝ ճանապարհին խանութ էր մտել, բահ ու երկու հաց առել։ Երբ բարձրանում է տուն, որ դնի այնտեղ, հետևից բարձրանում եմ, խնդրում, որ մի բան ուտի, բայց հրաժարվում է։ Շատ լավ ծանոթ լինելով բնավորությանը՝ գիտեի, որ նորից աշխատավայր է գնալու՝ վարչակազմ։ Ասում է՝ գնամ, տեսնեմ ինչ ենք անում․․․ Դա վերջին անգամն էր, որ Նվերին տեսել եմ․․․»,-պատմում է կինը։
Այդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, մինչև երեկո Նվերից ոչ ոք լուր չի ունենում։ Ամալյան մտածում է, որ կապի խնդիր է միայն, քանի որ սովորական օրերին էլ նրա աշխատավայրում հազվադեպ էր կապ լինում։ Երեկոյան 19։17 Նվերից զանգ է ստանում․
«Հարցնում է ոնց եմ, ինչ կա-չկա․․․ հետո խշշոց է լսվում, կապն ընդհատվում է։ Բայց այնքան հանգիստ էր խոսում, ու կողմնակի ոչ մի ձայն, աղմուկ չկար․․․ Մտքովս ընդհանրապես չի անցել, որ կարող է դիրքեր գնացած լինի, քանի որ ինքը քաղպաշտպանության բաժնում էր, պետք է ապաստարաններով շրջեր․․․ Ավելին՝ սպասում էի, որ կտեսնեմ իրեն այդ երեկո․․․Հետո ենք վերլուծել, համադրել փաստերն ու եկել այն եզրակացության, որ այդ ժամանակ արդեն վիրավոր էր, բլինդաժ էին իջեցրել․․․ Կրծքավանդակի շրջանում էր ստացել վիրավորումը ու ներքին արյունահոսություն էր սկսվել․․․
Շտապ օգնությունը որ հասցրել է հիվանդանոց, արդեն ուշ էր․․․»,-պատմում է կինը։
Նվերին զոհվելու բոթն ընտանիքն իմանում է հաջորդ օրն առավոտյան։ Առայսօր առեղծված է մնում այն, թե ինչպես, ինչ հանգամանքներում է Նվերը հայտնվել դիրքերում։ Ամալյան ասում է՝ զինվորական գործը Նվերը չի սիրել, բայց թե՛ 4-օրյա, թե՛ 44-օրյա պատերազմերին մասնակցել է։ Հատկապես 44-օրյայի ժամանակ, հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, վեր է կացել, հագել զինվորական շորերն ու մորն ասել՝ մամ, դե ես գնացի․․․
«Ինքը հայրենասիրությունից չէր խոսում, բայց իր ամբողջ կյանքում ապացուցել է, թե ինչքան շատ է սիրում Արցախը։ Ես որ հայրենասիրական երգեր էի ուղարկում իրեն, ասում էր՝ ինչ լավ է, որ հայրենասեր ես այդքան․․․ Շրջափակման ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չի խոսել Արցախից դուրս գալու մասին։ Երկուսս էլ մտածում էինք՝ ինչ դժվարություն էլ լինի, հաղթահարելու ենք, բայց շարունակելու ենք ապրել Արցախում․․․
Հայրենիքն ու արժանապատվությունն իր համար առանձնահատուկ տեղ ունեին։ Մի անգամ հոգեբանական թեստ էինք լրացնում։ Որ վերջացրեցինք, պարզվեց, որ իր համար առաջին տեղում արժանատավությունն ու պատիվն են, հետո նոր՝ ընտանիքը։ Հարցրեցի՝ Նվեր, ինչու՞ ես արժանապատվությունը գերադասում ընտանիքից, ասաց՝ եթե մարդ արժանապատվություն ու պատիվ չունի, չի կարող լավ ընտանիք ունենալ․․․»,-հիշում է կինը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում