Մամուլ

26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. ավտոմեքենան բռնկվել է

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեկտեմբերի 22-ին ավտովթար – հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ա.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 106-րդ կմ-ից դեպի Հոռոմ – Գուսանագյուղ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր կժամանեին Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։