25-ամյա վարորդը Opel-ով Զոլաքար գյուղում բախվել է շինության պատին և կողաշրջվել. նրա մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

25-ամյա վարորդը Opel-ով Զոլաքար գյուղում բախվել է շինության պատին և կողաշրջվել. նրա մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 07։55-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը բնակվում է Երևան քաղաքում, սակայն հաշվառված է Զոլաքար գյուղում։ Նա 43-ամյա Մարգարիտա Տոնեյանն էր։

Մինչ հիվանդանոցում ոստիկանները պարզում էին մահացածի ինքնությունը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ պարզել են, որ այսօր, ժամը 07։40-ի սահմաններում Երևանում բնակվող, Զոլաքար գյուղում հաշվառված 25-ամյա Տիրան Տոնեյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար գյուղի 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 18 հասցեում գտնվող առանձնատան պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով էլ Մ. Տոնեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահանվող հատուկ տարածք։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն էր։