«24 տարի, ամեն օր ցավով հիշում եմ, թե ինչպես կատարվեց դեպքը». ցմահ դատապարտյալի հուզիչ խոսքերը՝ սպանվանծի որդուն
24 տարի բանտում անցկացնելով, ցմահ ազատազրկման դատապարտված Յուրի Սարգսյանն այսօր դատարանում վաղաժամկետ ազատության համար է պայքարում։ Ազատ արձակվելու դիմումի հիմքում պաշտպան Արաքս Մելքոնյանը նշում է Յուրիի անձնական կյանքի հանգամանքները (վերջինս ամուսնացել է և ունի երեխաներ), նրա կամավորական գործունեությունը, գրքեր խմբագրելը, ռադիոկայանների հետ բլոգային աշխատանք տանելը և այլն:
Ամիսներ առաջ դիմելով Առաջին ատյանի դատարան, Սարգսյանն այդպես էլ արդյունքի չի հասնում. դատարանը ներկայացված միջնորդությունը մերժում է՝ հիմնվելով Յուրիի տարիներ առաջ կատարած հանցանքի և այն ժամանակի նրա մարդկային հատկանիշների վրա: Այսօր Յուրի Սարգսյանը դատարանի որոշումը բողոքարկում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում:
Նախորդ նիստին դատարան էր ներկայացել տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Հայրապետյանը, ով դատարանին միջնորդել էր իրեն տրամադրել գործով առկա փաստաթղթերը: Դատարանի կողմից միջնորդությունը բավարարեց և նյութերին ծանոթանալու համար նիստը հետաձգվեց: Ավելի քան մեկ ամիս անց՝ այսօր, տուժող կողմի ներկայացուցիչ տիկին Ռուզաննան դատարան չներկայացավ:
Ինչպես դատավարական կողմերին հայտարարեց նրա որդին, մայրը հոգեբանական ծանր ապրումների մեջ է. «Նախորդ նիստից հետո մայրս կրկին վերհիշեց այս ամբողջ պատմությունը, նորից ապրեց այն ցավը, որը զգացել էր 24 տարի առաջ, ուստի այսօր նա դատարան չեկավ: Եթե դատարանը թույլ տա, ես կփոխարինեմ նրան»,- նշեց Ռուզաննա Հայրապետյանի որդին:
Դատավոր Մհեր Արղամանյանը համապատասխան լիազորագիր և փաստաթուղթ պահանջեց գործի վարույթում ընդգրկվելու համար, ինչն այդ պահին բացակայում էր տուժողի որդու մոտ, ուստի նրան ընդգրկելու միջնորդության քննությունը հետաձգվեց: Փոխարենը, մյուս տուժողի որդին՝ Սարգիս Ջուլֆայանն այլևս գործի վարույթում ընդգրկվեց՝ որպես տուժող կողմի ներկայացուցիչ:
Դատավարական կողմերն առարկություն չունեին առանց Ռուզաննա Հայրապետյանի շարունակել բողոքի քննությունը, սակայն դատապարտյալ Սարգսյանը խնդրեց նիստը հետաձգել. վերջինս նշեց, որ խոսք ունի ասելու Հայրապետյանին. «Եթե տիկին Ռուզաննայի առողջությունը թույլ կտա, ես ցանկանում եմ նրա ներկայությամբ մի քանի խոսք ասել: Եթե դատարան գալ չի կարող, ապա գոնե խնդրում եմ, թող բանտ այցելի: Ես նրան ասելիք ունեմ»,- հայտարարեց Յուրի Սարգսյանը:
Տուժողների իրավահաջորդները չառարկեցին միջնորդության դեմ. «Եթե ուզում ա մորս բան ասի, ուրեմն եկեք հետաձգենք»:
Սարգիս Ջուլֆայանն իր հերթին ելույթով հանդես եկավ, շեշտելով՝ չնայած հոր սպանության ժամանակ 13 տարեկան է եղել, սակայն մինչև օրս իր մեջ վրեժխնդրության զգացում կա. «Մեկ-մեկ մտածում եմ՝ գնամ սրա (Յուրի Սարգսյանին մատնանշելով) ընտանիքի տեղն իմանամ, բռնեմ մեկին սպանել, որ սիրտս հանգստանա, թե հենց իր ա երակները «բրիտվայով» կտրեմ․․․ Ես ամեն Աստծու օր երազում եմ, որ սրան իմ մեջ ներեմ, որ մարդասպանի մտածմունքներս գնան: Ես ընտանիք, փոքր երեխա ունեմ, ես չեմ ուզում մարդ սպանեմ: Իմ կյանքի ամեն դժվարություն ես կապել եմ սրա հետ, ես ամեն անգամ մտածել եմ, որ հեսա առավոտ կզարթնեմ ու կիմանամ, որ էս երազ էր, հերս էլ ողջ ա»,- անկեղծացավ Ջուլֆայանը և չկարողացավ խոսքը շարունակել:
Չնայած այն հանգամանքին, որ դատապարտյալն առանց Ռուզաննա Ստեփանյանի չէր ցանկանում խոսել, այնուամենայնիվ Ջուլֆայանի ելույթից հետո ոտքի կանգնեց և մի քանի բան ասաց: Նա ցավով արձանագրեց, որ շատ կցանկանար որևէ բան փոխել. «Ես չհասկացա, թե դեպքն ինչպես կատարվեց․․․ 24 տարի շարունակ, ամեն օր ես հիշում եմ այդ վայրկյանը, թե ինչպես կատարվեց դեպքը․․․ Այսքան տարի անց ես դեռ կիսում եմ ձեր ցավը․․․ Տարբերակ միշտ էլ կա սխալ ուղղելու, եթե կարող եք՝ ներեք ինձ: Ես գիտեմ, որ անցածը հետ չենք բերի, սակայն, եթե ինչ-որ բան կարող եմ անել, ապա պատրաստ եմ․․․»,- հուզված հայտարարեց Յուրի Սարգսյանը:
Դատարանում մի պահ լարված լռություն տիրեց. Սարգսյանը շրջվել էր և տուժող կողմի ներկայացուցիչներին էր նայում: Քիչ հետո դատարանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է մինչև նոյեմբերի 6-ը:
Հիշեցնենք, որ Յուրի Սարգսյանն ազատազրկվել է Խաչիկ Հայրապետյանի և Հարություն Ջուլհակյանի սպանության համար: Հանցանքը բացահայտվել էր 1 տարի անց, իսկ արդեն 1996թ.-ին՝ Գերագույն դատարանի վճռով, Սարգսյանը ենթարկվում է մահապատժի, սակայն 2003թ.-ին՝ նախագահի հրամանագրով, գնդակահարությունը փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ:
Աղբյուր՝ forrights.am