23-ամյա գյումրեցին ընկերուհիներից մեկին բռնաբարել է, մյուսին փորձել է. Աղջիկները նրան սպանելու փորձ են արել
23-ամյա գյումրեցին ընկերուհիներից մեկին բռնաբարել է, մյուսին փորձել է. Աղջիկները նրան սպանելու փորձ են արել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհին իմանալով, որ իր 23-ամյա ընկերուհին խզել է կապերը ընկերոջ հետ, ընկերուհու անմիջական կազմակերպմամբ եւ ղեկավարմամբ, վրեժխնդիր լինելու նպատակով փորձել է ապօրինաբար կյանքից զրկել վերջինիս 23-ամյա ընկերոջը:
2020թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, պարզաբանումներ ստանալու համար, հեռախոսազանգի միջոցով քաղաքի կենտրոնական զբոսայգում աղջիկները հանդիպել են 23-ամյա երիտասարդին, որի ընթացքում 19-ամյա աղջիկը թիկունքից մոտեցել է վերջինիս եւ նախապես իր հետ վերցրած ածելիով կտրել-վնասել է նրա պարանոցը, որից հետո ընկերուհիներով հեռացել են:
Քննությամբ պարզվել է նաեւ, որ 2020թ. մարտի 27-ին, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող բնակարաններից մեկում 23-ամյա երիտասարդը Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհու կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն վերջինս սկսել է դիմադրել եւ երիտասարդը չի կարողացել իր հանցավոր մտադրությունը ավարտին հասցնել։
Բացի այդ, 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 11:30-ից մինչեւ ժամը 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում, վերոնշյալ երիտասարդը 19-ամյա աղջկա ընկերուհու կամքին հակառակ, բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
2020թ. օգոստոսի 22-ին որոշում է կայացվել նշված դեպքերով հարուցված քրեական գործերը միացնելու եւ նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս 23-ամյա ընկերուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 23-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: