23-ամյա աղջկա մահվան դեպքից 10 օր անց Դիլիջանում վտանգավոր կառույցը դեռ մնում է բաց զբոսաշրջիկների համար (Տեսանյութ)

23-ամյա աղջկա մահվան դեպքից 10 օր անց Դիլիջանում վտանգավոր կառույցը դեռ մնում է բաց զբոսաշրջիկների համար (Տեսանյութ)

a1plus.am-ը գրում է․ 10 օր անց դեռեւս արգելված չէ մուտքը Հաղարծին վանական համալիրի հարեւանությամբ գտնվող կիսակառույց, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը։

«Մեկ շաբաթ առաջ իմ քույրն այստեղ մահացել է, մի գնացեք, աղաչում եմ, անցքը դեռ չեն փակել»,- երեխայի հետ բարձրացող հորը խնդրում է Աննա Բարսեղյանը, ով, զսպելով զգացումները, «Ա1+»-ի լրագրողին ուղեկցում է դեպքի վայր։

 Հաղարծինի վանական համալիրից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող կիսակառույցը գրավում է այստեղ եկողներին, քանի որ բարձրանալով երրորդ հարկ՝ կարող ես հիանալ  տավուշյան բնապատկերով։ 

Հենց նույն նպատակով 23-ամյա Ալինան հուլիսի 10-ին, քրոջ եւ ընկերների հետ բարձրացել էր այստեղ ու չնկատելով հատակի մեծ բացվածքը՝ ընկել 10 մետր ներքեւ։ Հարազատները արագորեն իջել են առաջին հարկ, բայց աղջկան փրկել չի հաջողվել։

Եղանակը մառախլապատ ու մռայլ է եղել, երբ ճակատագրական այդ օրը նրանք բարձրացել են այստեղ։ Բնապատկերն է անմիջապես նրանց ուշադրությունը գրավել, մտքներով անգամ չի անցել, որ երրորդ հարկում հատակին կարող է նման բացվածք լինել։

«Մենք մեջքով ենք շրջված եղել դեպի տեսարանը՝ մառախուղին էինք նայում, իմ քույրիկը խոսում էր մեր մեջքի հետեւից ու շատ արագ է ամեն ինչ լինում։ Ինքն ասում է, որ լավ կլիներ սիրուն նկար ստանալ,- պատմում է Աննան։

-Իր ձեռքին հեռախոս այդ պահին կար, բայց չեմ նկատում՝ բարձրացնում է նկարելու համար, թե չէ, բայց էդ վայրկյանին, որ ասում է՝ շատ գեղեցիկ կլիներ ունենալ այստեղից նկար, հենց այդ պահին զգում եմ, որ իր ձայնը կորում է։

Շրջվում եմ արագ ու տեսնում եմ, որ ինքն էլ այդ հրապարակի վրա կանգնած չի։ Իմ կանգնած տեղից չեմ կարողանում հասկանալ՝ ինքն ուր անհետացավ»։

Աննան հոգեկան հերթական հարվածն է ստանում, երբ հայտնաբերում է՝ ինչպես այդ օրը, հիմա էլ զբոսաշրջիկներին թույլ են տալիս բարձրանալ կիսակառույց, անգամ չեն զգուշացնում վտանգավոր փոսի մասին։ Մեր այցելության պահին որեւէ ոստիկան կամ հսկիչ տարածքում չկար։

Առավել մանրամասն՝ «Ա1+»-ի տեսանյութում