22-ամյա վարորդը Volkswagen-ով մահացու վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջը

22-ամյա վարորդը Volkswagen-ով մահացու վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում, 22-ամյա Անդրանիկ Գրիգորյանը՝ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 40-ամյա Կարինե Գասպարյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատար տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: