Մամուլ

22-ամյա երիտասարդը Հանրապետության հրապարակում անցել է գորգի վրայով․ նրան ձերբակալել են

Նոյեմբերի 7-ին սոցիալական կայքերից մեկում տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի մեքենաներով տարբեր ժամանակահատվածներում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, Աբովյան, Թումանյան, Պուշկինի փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում երթևեկում են լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ, իսկ Պուշկինի փողոցում նաև երթևեկել են հանդիպակաց, Հանրապետության հրապարակում՝ անցել գորգի վրայով:

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ 29-ամյա երիտասարդը: Նա Վրացյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին:

Պարեկները նոյեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խաթարելով բնականոն երթևեկությունը, մեքենան վարում է անկանոն կերպով, կատարում է դրիֆտ:

Պարեկները Վազգեն Սարգսյան փողոցում, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, «ԲՄՎ»-ի վարորդին՝ Երևանի Դանիել Վարուժան թաղամասի բնակիչ 22-ամյա երիտասարդին ձերբակալել և մեքենայով հանդերձ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Կիսվեք էջում