2026 թ-ին պետական պարտքը կշարունակի ավելանալ․ «Հետք»
Կառավարության կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականի վերջում Հայաստանի ամբողջ պետական պարտքը կկազմի 5 տրլն 820 մլրդ դրամ։ 2026 թվականի ընթացքում այն կաճի 749 մլրդ դրամով կամ 12.9%-ով՝ տարեվերջին հասնելով 6 տրլն 569 մլրդ դրամի։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
Կառավարությունը պարտք է վերցնում, որ կարողանա կատարել բյուջեով նախատեսված ծախսերը։ Բյուջե մտնող հարկերն ու եկամուտները չեն բավականացնում ծախսերին։
Գործադիրը սեպտեմբերի 25-ին, հաստատեց եկող տարվա պետական բյուջեի նախագիծը։ Այն դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովի հանձնաժողովներում և նիստերում։
Պետությունը պարտք կվերցնի ինչպես արտաքին աղբյուրներից, օրինակ՝ վարկեր միջազգային կառույցներից, այնպես էլ՝ ներքին աղբյուրներից՝ թողարկելով պետական պարտատոմսեր։
Պետական պարտքի կառուցվածքը (մլրդ դրամ)
Արդյունքում այս տարվա վերջում պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 52.9%-ը, իսկ 2026-ի վերջում՝ 55%-ը։ Այսինքն՝ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կաճի։
Պետական պարտքի ոչ մեծ հատվածը, ինչպես կարելի է տեսնել վերևում գտնվող աղյուսակում, Կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ Կառավարությանը։ Ի տարբերություն ԿԲ-ի՝ Կառավարության պարտքի մայր գումարների և տոկոսների վճարումը կատարվում է պետական բյուջեի և նոր ներգրավվող պարտքերի հաշվին։
Հարկաբյուջետային կանոններով ավելի կարևորվում է առանձին Կառավարության պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին։ Այդ կանոններով՝ եթե նշված տարվա վերջի դրությամբ Հայաստանի կառավարության պարտքը չի գերազանցում նշված տարվա ՀՆԱ-ի 60%-ը, նշանակում է պարտքը կառավարելի է, և ծախսերը հավելյալ կրճատելու, «գոտիները ձգելու» խիստ կարիք չկա։ Թեև եկող տարի այն չի հատի նշված 60%-ի շեմը, սակայն կբարձրանա։
Կանխատեսվում է, որ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ-ի 53.5 տոկոսը՝ 2025 թվականի տարեվերջի համեմատ աճելով 2.8 տոկոսային կետով:
«Պարտքի կառավարելի մակարդակում պահպանմանը զուգահեռ ՀՀ կառավարությունը կշարունակի պարտքի պորտֆելի բարելավման ջանքերը՝ նպատակ ունենալով պահպանել դիմակայունությունը հնարավոր ցնցումներին, պետական պարտատոմսերի շուկայի շարունակական զարգացման ապահովումը և խորացումը, մշտական հասանելիությունը ներքին ու արտաքին ֆինանսական շուկաներին, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների ու գործիքների դիվերսիֆիկացումը»,- նշված է 2026 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձում։
Դոլարային արտահայտությամբ՝ Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: