2018-ին ես դուրս չեկա փողոց, որովհետև զգում էի, որ դա ճիշտ ուղի չէ. Ալլա Լևոնյան (Տեսանյութ)

2018-ին ես դուրս չեկա փողոց, որովհետև զգում էի, որ դա ճիշտ ուղի չէ. Ալլա Լևոնյան (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը մեկն է այն մշակութային գործիչներից, ով հունվարի 9-ին միացավ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին:

168.am-ի հետ զրույցում Ալլա Լևոնյանը նշեց, թե այսօր այնպիսի անելանելի վիճակում ենք, որ քաղաքական գործիչների ու իրավաբանների խոսքն այսօր գուցե ավելի կարևոր է, որովհետև նրանք գուցե ավելի ճշգրիտ գիտեն, թե ինչ պետք է ասել: Երգչուհու խոսքով՝ այսօր պետք է համախմբված լինենք:

«Ես չեմ հասկանում՝ այս ինչ հանցավոր անտարբերություն է նույն մեր բնագավառի… չնայած ինչ-որ տեղ հասկանում եմ, որովետև այս 3 տարվա ընթացքում այնպես փորձեցին ֆեյքերով կամ շատ տարբեր ձևերով նսեմացնել, հայհոյել, փորձել կեղտոտել մարդու անունը, որը ոչ մեկին հաճելի չէ: Ես դա էլ եմ հասկանում, որ կան հայտնիներ, որոնք հոգնեցին, և այս մի քանիսս ենք անընդհատ խոսում, փորձում ինչ-որ բան ասել, և միշտ մեզ վրա է լինում այդ հարձակումը:

Չնայած այսքանից հետո արդեն՝ երկիր կորցնելուց հետո, այսքան զոհերից հետո, ճիշտն ասած, այնքան մեկ է արդեն՝ ով ինչ կգրի, ով ինչ կմտածի: Այս հասարակության մեջ կա մի շերտ, ամբոխի մի հատված, ասում են՝ ասես հասկացողին, չհասկացողին ինչքան ասես»,- ասաց Ալլա Լևոնյանը:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին որոշ մտավորականներ ու մշակութային գործիչներ հորդորում էին քաղաքացիներին դուրս գալ փողոց, գնալ Հանրապետության հրապարակ, պահանջել նախկինների հրաժարականը:

Շատ քաղաքացիների հենց մշակութային ու հանրային գործիչներին վստահելով՝ դուրս եկան փողոց: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով՝ հիշյալ մտավորականները, մշակութային գործիչները ոգևորված էին ու գովերգում էին նրան: Հետագայում արդեն որոշները նշեցին, թե խաբվել են: Մյուսներն էլ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ասացին, թե սխալվել են:

Հարցին, թե իր դիտարկմամբ ի՞նչ կատարվեց 2018-ին ու ինչո՞ւ այդ օրերին շատ մտավորականներ, մշակութային գործիչներ, հայտնիներ նման կոչերով հանդես եկան, արձագանքեց.

«Ես դուրս չեմ եկել երբեք, ոչ մի ժամանակ փողոց, իմ պայքարի ձևը դա չէ: Ամենայն հարգանքով: Ամեն մարդ պայքարում է մի ձևով: Իսկ այդ ժամանակ հատկապես դուրս չեկա, որովհետև և՛ զգում էի բերկրանքը, ինձ հաճելի էր, ես երբեք չէի տեսել այդքան հոծ բազմություն, բայց նաև դրա հետ մեկտեղ՝ նրանք, որոնք նույնիսկ վերջին պահին չդիմացան և դուրս եկան, իրենց էլ եմ հասկանում միգուցե, ես դուրս չեկա փողոց, որովհետև աչքերով տեսնելով և ականջներով լսելով՝ զգում էի օտարածին, ավելորդ… ես զգացի, որ դա ճիշտ ուղի չէ, մեթոդները ճիշտը չեն:

հեղափոխություն

Իսկ մի քանի օր հետո համոզվեցի, որովհետև սպիտակների ու սևերի բաժանեցին, և այլն, որը ամենատհաճն ու վատն էր, որ մենք այսօր մեր կոլեգաների հետ ունենք իրար հանդեպ արդեն ոչ ճիշտ վերաբերմունք, և ժամանակ է պետք, որ այդ վիրավորանքը դուրս գա: Ե՛վ բարեկամներով, և՛ քույրերով-եղբայրներով… ինչքան ընտանիքներ խեղվեցին: Սա՞ էր հեղափոխության արդյունքը: Եթե սա էր, սա լավ չի: Ես ընդհանրապես հեղափոխություններից վախենում եմ: Հեղափոխությունները երբեք ոչ մի լավ բանի չեն բերել:

Իսկ ինչ վերաբերում է նրանց, որոնք իրենց հետևից տարան մարդկանց, դա իրենց գործն է, իրենք իրենց խղճի և Աստծո առաջ են պատասխանատու: Ոմանք զղջում են, բայց ոմանք նույնիսկ ամաչում են ասել դա, դեռ ցույց են տալիս, որ չեն զղջում, որովհետև կայացած չեն միգուցե: Ինքնահաստատված մարդը, եթե գիտի, որ սխալվել է, պիտի ընդունի դա: Ուժեղ մարդն է ընդունում, որ ինքը սխալվել է:

Բայց նրանց էլ, որոնք որոշեցին, որ պետք է ներողություն խնդրեն ու ասեն՝ «սխալվել ենք», չէ՞ որ այդ հայտնիներն իրենց հետևից տանելով այդքան մարդու, կարող էին լռել, կարող էին, չգիտեմ, ուրիշ կերպ, բայց ոչ այդպես ամպագոռգոռ խոսքերով տանել: Ի՞նչ արժեցավ: Մարդկանց կյանքեր: Հիմա ներողություն խնդրեն-չխնդրեն, ի՞նչ ասեմ: Չգիտեմ: Ես չեմ ուզում դատել: Ես դուրս չեմ եկել փողոց ու այսօր գոնե այդ մի բանի համար ինքս իմ առաջ ազնիվ եմ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում