20-ամյա վարորդը Range Rover-ով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է
20-ամյա վարորդը Range Rover-ով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Գևորգ Մ․-ն իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 43/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 67-ամյա Ժորա Մ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած շտապօգնության խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Տեղում տարածքը սահմանազատել, հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացրել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Խաչիկ Հաննեյանն ու Արմեն Մարտիրոսյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Գիշերը, ժամը 02։00-ի սահմաններում հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սովորում է Երևանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում։