Մամուլ

Աբովյանում ԱԱԾ նախկին աշխատակցի որդու և մի խումբ անձանց միջև սպանության փորձի փաստով կասկածյալներից մեկին դատավորը տվել էր երկամսյա կալանք․ 2 օր անց դատական համակարգում հայտնի «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմի սիրահար դատավորը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 11-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հետախուզման մեջ գտնվող Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Կարեն Եղիազարյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքում մի խումբ անձանց մասնակցությամբ խուլիգանական դրդումներով վիճաբանություն անելու մեջ, որի ժամանակ էլ Աբովյան քաղաքում հայտնի «Բոշի»՝ սիգնալներ տեղադրող, Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցի որդին դանակահարված վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել էր քրեկան վարույթ։

Քննիչները հսկայածավալ քննչական գործողություններ կատարելու արդյունքում՝ համագործակցելով Կոտայքի մարզի դատախազության հետ, պարզել էին մասնակիցների ինքնությունը և, որպես կասկածյալ, Կ. Եղիազարյանի մասով դիմել էին դատարան։

Հոկտեմբերի 11-ին դատավոր Գոռ Շահբազյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարում է քննիչի միջնորդությունը և կայացնում որոշում․ եթե Կ. Եղիազարյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, ապա նա պետք է 2 ամսով կալանավորվի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին Կ. Եղիազարյանը փաստաբանի միջոցով ներկայանում է Աբովյանի քննչական բաժին, ինչից հետո քննիչը՝ արդեն դատարանի կողմից կայացված կալանքի որոշումը վերահաստատելու նպատակով, դարձյալ դիմում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ սկսվում է մի իսկական «կինո»։

Դատավոր Գագիկ Հարությունյանի օգնական Անի Մանուկյանը նախ արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ինչը զայրույթ է առաջացնում ոչ միայն քննիչների, այլ նաև փաստաբանի մոտ։

Մի քանի ժամ «մուկն ու կատու» խաղալուց հետո, ի վերջո մեծն դատավոր Գ. Հարությունյանը, ում մասին դատական համակարգում պատմում են, թե նա ավելի շատ հայտնի է «Ռոմեո և Ջուլիետ», «Սոս և Վարդիթեր», «Սիամանթո և Խաչեզարե», «Անուշ և Սարո» կերպարներում հանդես եկող դատավոր (թե ինչ նկատի ունեն՝ SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել), ի վերջո որոշում է անցկացնել դռնփակ դատական նիստ, ապա որոշում է, որ նախորդ՝ հոկտեմբերի 11-ին դատավոր Գ. Շահբազյանի կայացրած որոշումը Կ. Եղիազարյանի վերաբերյալ սխալ է և որոշում է կայացնում՝ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։

Դատական համակարգում նշում են նաև, որ սույն պարոնը՝ տվյալ դեպքում դատավոր Գ. Հարությունյանը, եթե ավելի շատ զբաղվի իր գիտելիքները իրավաբանության բնագավառում զարգացնելով, քան սոցիալական ցանցերում աննպատակ ժամանակ վատնելով, ավելի մեծ հեղինակություն կվայելի համակարգում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը,  հոկտեմբերի 8-ին, վիճաբանություն և դանակահարություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսգիշերին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էին մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեկական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Վարդան Խաչատուրյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանը, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը: 

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:

Տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը իրենց մոտ էր տեղափոխվել «դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում էր վիրահատարանում: 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համյանքային ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթ Հ.-ն էր, ում հիվանդանոց էր տեղափոխել իր հայրը: 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էին ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Կ. Սուքիասյանը և ևս երկու դատախազ: 

Քրեական և համայնքայն ոստիկանները պարզել էին, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն էր  տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ.-ի, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ի, 20-ամյա Լեռնիկ Ա.-ի, 16-ամյա Մինաս Գ.-ի 19-ամյա Վարդգես Ս.-ի, 19-ամյա Ասատուր Խ.-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուր Ա.-ի, 20-ամյա Վիրաբ Ա.-ի, 17-ամյա Ռաֆիկ Ա.-ի, 17-ամյա Կարեն Ե.-ի և 16-ամյա Հայկ Կ.-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ.-ին:  

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

 Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Աբովյան քաղաքում հայտնի «Բոշ»-ի Հայկի տղան է. նրա հայրը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ ինչո՞ւ են նրան ասում «Բոշ»-ի Հայկ, քանի որ զբաղվում է ավտոմեքենաների վրա, ժողովրդի լեզվով ասած, «սիգնալներ» դնելով:

 Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ քրեական և համայնքային ոստիկանները պարզել էին, որ վիճաբանությունը, ծեծկռտուքը և դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյան քաղաքի Էլար թաղամասի 2-րդ փողոցում, որտեղ տարբեր հատվածներում հայտնաբերել էին արնանման հետքեր: 

Տարածքը սահմանազատել էին  ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: 

Տեղում աշխատել էին նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:

Լուսանկարում՝ Գագիկ Հարությունյանը և նրա օգնական Անի Մանուկյանը