2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին
Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ինքնասպան եղած 16-ամյա աղջկան կախված են գտել իրենց առանձնատանը կից հացատան նախասրահի տանիքից։
Oragir.News-ը կապվեց Վարդենիկ գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Ավետիսյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեռ ոչինչ պարզ չէ, թե ինչն է աղջկան այդ քայլին դրդել։ Նախնական վարկածներ կան, սակայն դրանք միայն վարկածներ են։
«Տան միակ երեխան չէր, մի քույրիկ էլ ունի։ Ապրում էր մայրիկի, տատիկի, պապիկի և քրոջ հետ։ Շատ ցավալի դեպք է»,- ասաց Վարդենիկ գյուղի վարչական ղեկավարը։
Oragir.News-ը զրուցեց նաև մի քանի համագյուղացիների հետ, որոնք մեզ ասացին, որ շատ դրական, աշխույժ երեխա էր, բոլորին ժպտում, մոտենում, զրուցում էր։ Երբևիցե նման բան չէին կարող պատկերացնել։
Երեխայի հուղարկավորությունը սեպտեմբերի 27-ին է իր հարազատ Վարդենիկ գյուղում։