2 որդիների շիրմաքարերն Եռաբլուրում տեղադրելու համար ծնողից խարդախությամբ 12 հազար դոլար էր վերցրել ու չէր տեղադրել
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են փայլուն օպերացիա, որը կրել է «Գտնել ու պատժել սրբապիղծին» անունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը անցնելով բարոյականության բոլոր սահմանները սրբապղծություն է իրականացրել Արցախյան պատերազմում նահատակված 2 հերոսների ծնողի նկատմամբ։
Նրան հայտնաբերելու համար Շենգավիթի ոստիկանները 100-ից ավելի տարածքներում են եղել, քանի որ կասակծյալ Ա․ Նահապետյանը անընդհատ փոխելիս է եղել իր գտնվելու վայրը։ Շենգավիթի համայնքային ոստիկաններին հաջողվում է օպերատիվ տվյալներով ճշտել, թե որտեղ է գտնվում ստահակը ու նրան Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցում հայտնաբերում և խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Պարզվում է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին, ապա ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվում զոհված հերոսների մայրը, Երևանի 41-ամյա բնակիչը, որտեղ էլ պարզվում է, որ Ա․ Նահապետյանը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո ճիվաղը ոչ միայն չի տեղադրվել շիրմաքարերը այլև տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գումարը վերադարձնել։
Երեկ զոհվածների մայրը զանգահարել է «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ «Դոկ» մականվամբ Վարդան Ղուկասյանին և խնդրի մասին ուղիղ եթերում Վ. Ղուկասյանը բարձրաձայնել է ու հստակ փաստերով մատնանշել զոհվածի ծնողի նկատմամբ խարդախություն իրականացնողի տվյալները ու հավանաբար այս ստահակին հայտնաբերելու գործում հսկայական աշխատանք է իրականցվել Վ. Ղուկասյանի կողմից, ում շնորհիվ հերթական անգամ բացահայտվել է հայի տականքը, ով համարձակվել է զոհվածի ծնողի նկատմամբ խարդախություն իրականցնել ու արդեն Շենգավիթի ոստիկանները հենց Վ. Ղուկասյանի եթերից հետո են իմացել դեպքի մասին ու արդեն ժամերի ընթացքում հայտնաբերել են ստահակին: