2-ամյա երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մահացած, վերակենդանացումը բժիշկներին չի հաջողվել

2-ամյա երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մահացած, վերակենդանացումը բժիշկներին չի հաջողվել

News.am-ը գրում է․ 2 տարեկան երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած վիճակում, վերակենդանացնող միջոցառումներն են կատարվել, սակայն անօգուտ։

Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը՝ պարզաբանելով  նախօրեին ԲԿ–ում գրանցված երեխայի մահվան դեպքը։

«Փոքրիկը մեր պացիենտներից չէր, նրան մահացած վիճակում երեկ ժամը 19։00–ից հետո են  տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բժիշկները վերակենդանացնող միջոցառումներ են ձեռնարկել, բայց դրական արդյունք չի տվել, քանի որ բալիկն արդեն մահացած վիճակում էր»,– ասաց Աիդա Կարապետյանը։

Թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը՝ հայտնի չէ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 10–ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմանում երեխա է հանկարծամահ եղել։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է ընդունվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։