1919-1920 թթ-ի քարտեզ գոյություն չունի. պատմաբանը` Ադրբեջանի առաջարկի մասին

1919-1920 թթ-ի քարտեզ գոյություն չունի. պատմաբանը` Ադրբեջանի առաջարկի մասին

Sputnik Արմենիայի հետ զրույցում՝ Ամատունի Վիրաբյանն արձանագրեց, որ 1920թ-ին Ազգերի լիգան մերժել է Ադրբեջանի անդամակցության դիմումը, քանի որ այդ երկիրը չուներ պատմականորեն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններ։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև 1919-1920 թթ-ի քարտեզ գոյություն չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«Այդպիսի քարտեզ ընդհանրապես գոյություն չունի։ Երբ 1918թ–ին ստեղծվեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հանրապետությունները, նրանց միջև սահմանազատում և սահմանագծում չի եղել, որովհետև ունեին միմյանց միջև տարածքային վեճեր. Ադրբեջանը պահանջում էր Զանգեզուրը` Սյունիքը, Նախիջևանը, Վրաստանի հետ Զաքաթալայի օկրուգի հետ կապված վեճ ունեին։

Այդպես էլ մինչև իրենց գոյության վերջին օրը Ադրբեջանը (1920թ–ի ապրիլի 28), Հայաստանը (1920թ–ի նոյեմբերի 29) և Վրաստանը (1921թ–ի փետրվարի 23) միմյանց միջև սահմանազատում ու սահմանագծում չեն իրականացրել»,– ասաց Վիրաբյանը։

Իսկ եթե Ադրբեջանն իր այդ պահանջի հիմքում տեսնում է Ռուսական կայսրության այդ տարիների վարչատարածքային բաժանումը, ապա պատմաբանը հիշեցնում է, որ Ռուսական կայսրության քարտեզներով Անդրկովկասը բաժանված էր 5 նահանգների` Երևանի, Ելիզավետպոլի, Բաքվի, Քութայիսիի, Թիֆլիսի, ինչպես նաև Կարսի ու Բաթումի մարզերի ու Զաքաթալայի օկրուգի։

Բաքու

«Եթե նրանք մտածում են, որ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներն իրենց են, դա իրենց խնդիրն է։ Բայց որ 1919-1920 թթ-ի քարտեզ լինի, նման բան գոյություն չունի։ Եթե լիներ, վաղուց տպագրած կլինեին, չէին պահի այսօրվա համար»,– ասաց Վիրաբյանը։

Պատմաբանը նաև արձանագրում է, որ Անդրկովկասի 3 հանրապետությունները փոխադարձաբար ու միջազգայնորեն ճանաչված սահմաններ չեն ունեցել, և 1920թ–ի հունվարին մեծ տերություններն այդ երկրները ճանաչել են դե ֆակտո, բայց ոչ դե յուրե։

Անգամ 1920թ–ի նոյեմբերի 1-ին, երբ Ազգերի լիգայում Ադրբեջանի ներկայացուցիչը` Ալիմամեդ բեկ Թոփչիբաշևը, դիմել էր Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարին` Ադրբեջանն Ազգերի լիգա ընդունելու խնդրանքով, նրա այդ դիմումը մերժվել է հենց այդ հիմքով, որ միջազգային իրավունքով Ադրբեջան պետություն ուղղակի գոյություն չունի։

Վիրաբյանը նշեց, որ 1920թ–ի դեկտեմբերին հարցը քննարկվել է Ազգերի լիգայում և նշվել, որ «այդ տարածքը` 40 հազ. քառ. մղոն մակերեսով (խոսքը Ադրբեջանի մասին է), նախկինում երբևիցե պետություն չի եղել, այլ միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլական կայսրությունը, Պարսկաստանը, իսկ սկսած 1813թ–ից` Ռուսաստանի կայսրությունը»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում