Ժամանց

18-ամյա տղան խելացի ջերմոց է մշակում, որը կարող է ֆերմերների փոխարեն մտածել և գործել

18-ամյա ուսանող Դավիթ Չալոյանը մշակում է խելացի ջերմոց, որը կարող է ինքնուրույն խնամել բույսերը՝ ֆերմերներին շատ հոգսերից ազատելով:

Ջերմոցը հագեցած է սենսորներով, որոնք գնահատում են լուսավորությունը, օդի ջերմաստիճանն ու խոնավությունը, ինչպես նաեւ ջերմոցի հողի խոնավությունը: Անհրաժեշտության դեպքում ջերմոցում ավտոմատ միանում է լրացուցիչ լույսը, եթե այն ավելի քիչ է, քան անհրաժեշտ է, տաքացման սարքերը, եթե ջերմաստիճանը նորմայից ցածր է, կամ ավտոմատ ջրումը՝ ամբողջ հողի կամ միայն այն հատվածի, որտեղ խոնավությունը տիրոջ կողմից սահմանվածից ցածր է: Այս բոլոր կարգավորումները կարող է անել տերը, քանի որ միայն նա գիտի, թե որ հատվածում ինչ բույսեր է տնկել, եւ դրանց ինչպիսի պայմաններ են հարկավոր հարմարավետ աճելու համար:

Իհարկե, կա նաեւ ձեռքի ռեժիմ. ոչ, ստիպված չեն լինի բույսերը ձեռքով ջրել, սակայն հնարավոր կլինի ջերմոցին ձեռքով հրաման տալ դրանք ջրելու կամ, օրինակ, միացնելու լրացուցիչ լույսը:

Դավիթը Ազգային պոլիտեխնիկական համալսարանին առընթեր ANEL լաբորատորիայի ուսանող է: Նա առայժմ ուսումնական նախագծի շրջանակում ստեղծել է միայն իր ջերմոցի նախատիպը, որը, սակայն, աշխատում է ինչպես հարկն է եւ վստահորեն ցուցադրում է բոլոր խոստացված գործառույթները: Ջերմոցի նախատիպում, իհարկե, իսկական բույսեր չկան, սակայն նրա աշխատանքի ցուցադրման համար դրանց կարիքն ամենեւին չկա:

Դավիթը համոզված է, որ ֆինանսավորման առկայության դեպքում նախագիծը հնարավոր է բարելավել՝ ավելացնելով նոր եւ ավելի հետաքրքիր գործառույթներ: Օրինակ՝ ջերմոցի մասին բոլոր տվյալները տերը կարող է ստանալ իր հեռախոսին. նա, գտնվելով նույնիսկ քաղաքի կամ երկրի մյուս ծայրում, այսպես կարող է իմանալ, թե իր ջերմոցում այդ պահին ջերմաստիճանը որքան է, վերջին անգամ բույսերը երբ են ջրվել եւ այլն:

Դավիթը վստահ է, որ այսպիսի խելացի ջերմոցը կկարողանա զգալիորեն թեթեւացնել ֆերմերների կյանքը եւ նրանց այլ գործերի համար ազատ ժամանակ ապահովել:

Աղբյուր՝ news.am

Կիսվել