17-ամյա տղան թոշակառուի տնից գողացած բանկային քարտով գումար է կանխիկացրել
17-ամյա տղան թոշակառուի տնից գողացած բանկային քարտով գումար է կանխիկացրել։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի տարեց բնակչուհիներից մեկը ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, որ հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և գողացել ննջասենյակի պահարանում դրված բանկային քարտն ու մեկ ամսվա թոշակը։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Բանկային քարտի հետ նաև ծածկագիրն է եղել։ Քարտը գողացած անձը անմիջապես գումար է կանխիկացրել։ Բնակարանային գողության փաստով տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել։
Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունների վերլուծությամբ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ թոշակառուի տան դուռը կրկնօրինակ բանալիով բացել և գողություն է արել Մեծամորի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին ու խոստովանել կատարածը։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։