17 բնակարան, 13 ավտոտնակ, բազմաբնակարան շենք, հողամասեր, շինություններ. պատգամավոր Էդուարդ Բաբայանի գույքը․ Հետք

17 բնակարան, 13 ավտոտնակ, բազմաբնակարան շենք, հողամասեր, շինություններ. պատգամավոր Էդուարդ Բաբայանի գույքը

Hetq.am-ը գրում է․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանն ամենաշատ անշարժ գույք ունեցող հինգ պատգամավորներից մեկն է։ Նա 2019 թվականի տարեկան հայտարարագրում 35 անշարժ գույք է հայտարարագրել։ Թեև պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր միայն 10 անշարժ գույք՝ թաքցնելով մինչ այդ ձեռք բերած 25 գույքերը։

Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ պատգամավորն ունի 17 բնակարան, 13 ավտոտնակ, բազմաբնակարան բնակելի շենք, hասարակական նշանակության շինություն, հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք և պետական գրանցում չստացած կառույցներ։ 

Էդուարդ Բաբայանն այս անշարժ գույքերի միանձնյա սեփականատերն է։ 

Պատգամավորի 14 բնակարանները, 11 ավտոտնակներն ու բազմաբնակարան բնակելի շենքը գտնվում են Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Այս անշարժ գույքերը նա ձեռք է բերել 2014 թվականի փետրվարի 24-ին, 25-ին և 28-ին։ Երկու բնակարան և երկու ավտոտնակ էլ ունի Կենտրոն վարչական շրջանում։ 

Պատգամավորը նաև Կոտայքի մարզում անշարժ գույքեր ունի։ Մասնավորապես՝ Աբովյան քաղաքում՝ հասարակական նշանակության շինություն և բնակարան, Սոլակ համայնքում՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք, Արամուս գյուղում՝ հողամաս, իսկ Առինջում՝ պետական գրանցում չստացած անշարժ գույք։ 

Էդուարդ Բաբայանը 2019 թվականի պաշտոնի ստանձնման հայտարարագրում նշել էր միայն 3 բնակարանի, 3 ավտոտնակի, 1 անհատական բնակելի տան, հասարակական նշանակության շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի և հողամասի մասին։

Data.hetq.am-ի հարցին, թե ինչու Բաբայանը պաշտոնը ստանձնելիս չի հայտարարագրել իր ամբողջ գույքը, պատգամավորը պարզաբանել է. «Պատգամավորի պաշտոնը ստանձնելիս լրացվող ձևաթղթում և 2019-ի հայտարարագրի ձևաթղթում նշումները տարբեր կերպ են արվում:

2019-ի հայտարարագրում պահանջվել է գույքի վերաբերյալ վկայականները կցել առանձին-առանձին, իսկ մինչ այդ իմ կողմից նշված է եղել ընդհանուր հասցեով»։ Այսինքն՝ ըստ պատգամավորի, պաշտոնը ստանձնելիս մի քանի գույք ներկայացվել է մեկ հասցեով։ 

Պատգամավորից նաև հետաքրքրվել էինք, թե ինչպես է այդքան գույք ձեռք բերել և ֆինանսական միջոցներ կուտակել։ Էդուարդ Բաբայանը պատասխանել է՝ նշված միջոցները կուտակվել են վարձակալությունից և նվիրատվություններից: Սակայն չի պարզաբանել, թե ով է իրեն նվիրատվություն արել։

Նշենք, որ Էդուարդ Բաբայանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է կանխիկ 106 մլն 250 հազար դրամ, 395 հազար 320 դոլար, 95 հազար 260 եվրո։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում