Մամուլ

15-ամյա Դավիթ Ռաֆայելյանին վաղը կհուղարկավորեն

Հոկտեմբերի 7-ին՝ ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած 15-ամյա աշակերտ Դավիթ Ռաֆայելյանը Նոր Երզնկա գյուղից էր։

Նախնական տվյալներով՝ պատանին մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին, վոլեյբոլ խաղալու ժամանակ՝ ինքնազգացողությունը հանկարծակի վատանալու հետևանքով:

Oragir.News-ի հետ զրույցում Նոր Երզնկայի վարչական ղեկավար Գրիգոր Մարդոյանը պատմում է, որ 15-ամյա Դավիթ Ռաֆայելյանը օրինակելի աշակերտ էր։

«Շատ շնորհալի ու սովորող երեխա էր, մանավանդ՝ մաթեմատիկայից։ Օլիմպիադաներին մասնակցող, խելացի տղա էր։ Շատ լավ երեխա էր՝ խոհեմ, ուշիմ։ Երբեք ոչ մի նեգատիվ երևույթներ իր մոտ չենք նկատել»,- հիշում է նա։

Վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում նաև հայտեց, որ 15-ամյա Դավիթ Ռաֆայելյանի ընտանիքի հետ հարևաններ են։

«Մեկ եղբայր ունի։ 3 ամիս առաջ զորակոչվել է բանակ։ Համապատասխան փաստաթղթեր են հիմա պատրաստվում, որպեսզի կարողանանք զորամասից բերել։ Կարծում եմ՝ արդեն եկել է։ Այսօր հոգեհանգիստն է, վաղը՝ հուղարկավորությունը»,-պատմեց վարչական ղեկավարը։

Հարևանը նաև հերքեց այն վարկածը, որ երեխան էներգետիկ ըմպելիքների չարաշահումից է մահացել։

«Ոչ, ոչ։ Դրանք պարզապես երևակայական վարկածներ են։ Ծնողներն էլ որևէ վարկած չունեն։ 10 րոպեն մեկ ծնողների համար շտապ օգնություն է գալիս։ Նրանք այսօր գիտակցություն չունեն․ որ որևէ բան ասեն»,-եզրափակեց նա։

Կիսվել