Մամուլ

14-ամյա երեխան փորձել է փամփուշտից թզբեհ պատրաստել, որի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով` օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթունի հետևանքով «Ձախ դաստակի 3-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա տղա է։ Պարզվել է նաև, որ հուլիսի 31-ին` ժամը 19։00-ի սահմաններում, Սևան քաղաքի  ֆուտբոլի խաղահրապարակից երեխան գտել է թելով իրար ամրացված թվով երկու հատ փամփուշտներ և պահել իր մոտ:

Օգոստոսի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, Սևան քաղաքի իր պապիկի կոշիկի արհեստանոցում, որտեղ ինքը եղել է միայնակ և փամփուշտները առանձնացրել է թելից ու փամփուշտներից մեկը ամրացրել է սեղանի մամլիչին և սղոցով կտրել փամփուշտի հետնամասը, որի ժամանակ տեղի է ունեցել պայթուն, ինչի հետևանքով նա ստացել է վերոնշված մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով` երեխան սովորում է 8-րդ դասարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել